Կայացավ Հայոց պահանջատիրությանն ուղղված «Մհերի դուռ» ամսագրի շնորհանդեսը
Այսօր կայացավ Հայոց պահանջատիրությանն ուղղված «Մհերի դուռ» ամսագրի շնորհանդեսը: Ամսագրի գլխավոր խմբագիր Նորայր Անդրելյանը նշեց, որ ամսագիրն ունի նաև բովանդակային անվանում՝ «Պահանջատիրություն»: Նա նշեց, որ ամսագիրը ստեղծվել է Արևմտահայոց երրորդ համագումարի լույսի ներքո, տպագրվում է և արևելահայերենով և արևմտահայերենով:
«Ամսագիրը պարունակում է հինգ գիտական հոդվածներ, որոնք մեր գաղափարախոսության շրջանակներում արտահայտում են մեր պահանջատիրությունը»,- ասաց նա և նշեց, որ ամսագրում կա «Ես հայ եմ», «Իմ պապերի ժառանգները» էջերը:
Գլխավոր խմբագիրը նշեց, որ ամսագրում նաև կա «Մհերի դուռ» անվանման մեկնաբանությունը, որը շաղկապված է էպոսի հետ: «Մենք աշխատում ենք հասունացնել քաղաքական հարցերը, որ բացվի Մհերի դուռը և գտնենք մեր հարցի լուծումը»,-ասաց նա:
Նորայր Անդրելյանը նշեց, որ իրենց միջոցները բավականին սուղ է, թեև նախատեսված է ամսագիրը ներկայացնել անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, և անհրաժեշտ տեղեկագիր՝ Թուրքերենով և ֆինանսներ լինելու դեպքում դա կիրականացնեն:
«Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության նախագահ Նորատ Տեր-Գրիգորյանը նշեց, որ ամսագիրը անդրադառնում է հայկական հարցի խնդիրներին: Նա հայտնեց, որ պատրաստվում են չորրորդ համագումարի աշխատանքներին, որը տեղի կունենա Փարիզում:
«Թուրքիան պետք է իմանա, որ Հայաստանը մենակ չէ, այլ 7-8 միլիոն հայը, որ ապրում է դրսում Հայաստանի և Արցախի հետ է»,-ասաց նա:










