Եթե անգամ որոշ տեսախցիկներ նայեն ԱԺ զուգարաններին, ոչ ոք մշտադիտարկում չի իրականացնում. Ա. Բաբայան

20:37 • 21.10.14

Ազգային ժողովում տեսախցիկները տեղադրված են միջանցքներում, սակայն հնարավոր է, որ որոշ դեպքերում համընկնում լինի, և տեղադրված տեսախցիկը նայի դեպի զուգարանի դուռը, բայց սա չի նշանակում, որ այդ տեսախցիկներով որևէ մեկը որևէ մշտադիտարկում չի անցկացնում:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը և ավելացրեց.«Այսինքն՝ չկա այնպիսի աշխատող, որ նստած հետևում է տեսախցիկների ցուցադրած պատկերին: Դրանք տեղադրված են անվտանգության նկատառումներով և մշտապես ձայնագրման ռեժիմում են, բայց՝ ոչ դիտման: Այսինքն՝ եթե անվտանգության նկատառումներից ելնելով՝ հարկ լինի որևէ փաստ դիտել, միայն այդ ժամանակ ձայնագրությունը հանվում և դիտվում է: Բացի այս, ձայնագրությունը որոշակի x ժամանակ ունի, որից հետո հին ձայնագրությունները ջնջվում են , և ավելանում են նորերը»:

 

Նշենք, որ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, երեկ անդրադառնալով ԱԺ-ում տեղադրված տեսախցիկներին, պատմել էր, որ իրեն է մոտեցել ԱԺ աշխատակազմից մի կին ու խնդրել փրկել իրեն, քանի որ երբ հիվանդանալով՝ մի քիչ սովորականից ավելի հաճախ է գնացել զուգարան, իրեն ասել են՝ դու եկել ես աշխատելու՞, թե՞ զուգարան գնալու համար:

 

Արսեն Բաբայանը հրաժարվեց հայտնել, թե քանի տեսախցիկ է տեղադրված ԱԺ-ում՝ հիշեցնելով, որ տեսախցիկները տեղադրված են անվտանգության նկատառումներով: