ՀՀ կուսակցությունների առաջնորդներին հրավիրում ենք այստեղ ու խոսում կարևորագույն խնդիրների մասին. Դավիթ Բաբայան
Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը պարբերաբար հյուրընկալում է ՀՀ խորհրդարանական ուժերին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Հայ յեղափոխական դաշնակցությանը», վերջերս նաև՝ «Ժառանգություն» կուսակցությանը: Թե որն է այս հանդիպումների իմաստը, Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ ներկա դրությամբ հայության համար կարևորագույն խնդիրն Արցախի շենացումն է, ինչից էլ բխում են այս հանդիպումները:
«Նրանց հրավիրում ենք այստեղ ու խոսում կարևորագույն խնդիրների մասին: Նրանք գալիս են հայության հարավային թև, և յուրահատուկ կարևորություն է հաղորդվում այդ հանդիպումներին: Մենք պետք է կարողանանք տարանջատել երկրորդական և երրորդական կարևորության խնդիրները առաջնային, համազգային խնդիրներից, որոնցից առաջինը հենց ԼՂՀ խնդիրն է: Այստեղ սխալվելու իրավունք չունենք, և պետք չէ, որ անցանակալի շահարկումներ լինեն այս հարցի շուրջ: Պարբերաբար շփվելով հասարակության լայն շերտերի հետ՝ մենք ավելի լավ ենք պատկերացնում իրական իրավիճակը՝ թե ինչ է տեղի ունենում և ինչ կարող է տեղի ունենալ»,-ասաց նա:
Հարցին, թե նման քաղաքական մոտեցման առիթ արդյո՞ք չի հանդիսացել օգոստոսյան սահմանային լարված իրավիճակը, Բաբայանը պատասխանեց. «Միգուցե այդ դեպքերը խթանեցին կամ արագացրին մոտեցումը, բայց ԼՂՀ Նախագահը պարբերաբար բոլորին հրավիրում է այստեղ և՝ ո´չ միայն կուսակցությունների առաջնորդներին, այլ նաև՝ ՀՀ տարբեր պաշտոնյաներին, հասարակ մարդկանց: Մենք արդեն տեսնում ենք, որ կան շոշափելի փոփոխություններ, գրեթե բոլոր պաշտոնյանները այցելում են Արցախ, և սա շատ կարևոր է»:










