Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց օտարերկրյա «ագենտների լեզվով» չխոսել և չգովերգել «կոնչիտաներին»
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ–ում ասաց, թե երեկ նույն խորհրդարանում զգացել է ոչ միայն Արևմուտքի դոլարների, այլև ալիևյան նավթադոլարների հոտը։
Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի թվական զեկույցի քննարկման շրջանակներում ընդդիմության և ոչ իշխանական ուժերի ելույթներից Վահրամ Բաղդասարյանը նման հոտ է զգացել և կարծում է, որ ֆինանսավորման ուղղությունները փոխվել են։
«Այս ամբիոնից երեկ խոսվեց պետական դավաճանության մասին, երեկ մենք ականատես եղանք պետական դավաճանության դասական օրինակի, երբ հայոց պառլամենտի ամբիոնը օգտագործվում էր Թուրքիային և Ադրբեջանին ապատեղեկատվություն տալու, նյութեր էին հրապարակվում, մեր թշնամի պետությունների համար, կեղծ նյութեր»,- ասաց նա։Լ
«Հանրապետական» խմբակցության ղեկավարն ավելացրեց, թե մի տարօրինակ օրինաչափություն է նկատել, որ նման ելույթները միշտ նախորդում են ՀՀ-ի համար կարևոր արտաքին քաղաքական իրադարձություններին, տվյալ դեպքում՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։
Շարունակելով ելույթը նա նկատեց, որ իր որոշ գործընկերն այս ամբիոնից խոսում էին որպես դատավոր, դատախազ, ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ կամ օտարերկրյա «ագենտներ», նրանց լեզվով, ապա խորհուրդ տվեց չմտնել մարդկանց ընտանիքներ և չփորփրել չսպիացած վերքերը։
Վահրամ Բաղդասարյանի ելույթի ժամանակ տեղից առարկություններ էին լսվում։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նախ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց դուրս հրավիրել «ամբարտավաններին», ապա հիշելով մեծերի խոսքը՝ ասաց, որ ստախոսների, պոռոտախոսների հետ նրանք խորհուրդ էին տալիս չբանավիճել։
«Այստեղ օրենք էր բերվում «Կանոնակարգ-օրենքում» փոփոխություններ կատարելու , ԱԺ պատգամավորի պահելաձևի հետ կապված, բայց ինքը չի փոխվում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը և դիմեց նաև մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին։
«Այստեղ գնահատվեց պաշտպանի քրտնաջան աշխատանքը։ Այո՛, մենք ընտրել ենք և գնահատում ենք այդ աշխատանքը։ Բայց, սիրելիս, դա չի նշանակում, որ Դուք պետք է հանձնարարականներ տաք պատգամավորներն։ Եվ երբ կազմակերպում եք միջոցառումներ, հրավիրում եք և չեք մասնակցում։ Հանձնաժողովից հրավեր եք ստանում և չեք գնում։ Փոխվե՛ք ինքներդ, նոր պահանջեք մյուսներից»,– դիմելով Կարեն Անդրեասյանին՝ ասաց Վահրամ Բաղդասարյանը և զգուշացրեց, որ ընդդիմությունը փնտրում է մոլորված ղեկավարների, որպեսզի սիրաշահի, շողոքորթի, իր դաշտ բերի նրան։
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ինքն «ուսումնասիրել է» Կարեն Անդրեասյանին և գտնում է, որ սա ոչ թե այն դեպքն է, որ նա մոլորված է, այլ , հակառակը, մոլորեցնող է։ Բայց, ոչինչ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահ է, որ Կարեն Անդրեասյանը լինելով երիտասարդ, ունի «ամբիցիաներ», բայց գիտի, որ դա տարիքի հետ կանցնի։
Վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավարը կոչ արեց ԱԺ ամբիոնը չօգտագործել «կոնչիտաներին» չգովերգելու համար։










