Առնականությունն ու կանացիությունը գրավում են միայն զարգացած երկրների քաղաքացիներին
Ժամանակակից իդեալները ենթադրում են, որ տղամարդիկ պետք է առնական, իսկ կանայք՝ կանացի լինեն: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Eurek Alert-ին:
Պարզվում է, որ նման նախապատվությունը ո՛չ թե սոցիալական և սեռական ընտրության երկար գործընթացի արդյունք է, այլ՝ համեմատաբար նոր սովորություն, որը ի հայտ է եկել միայն ժամանակակից ուրբանիզացված աշխարհում:
Բրունելի համալսարանի հոգեբաներից, մարդաբաններից և կենսաբաններից բաղկացած խմբի հարցումներին մասնակցություն են ունեցել 12 համայնքի ներկայացուցիչներ՝ պարզունակ ցեղերից մինչև գերզարգացած երկրներ:
Հարցման 962 մասնակցին 5 տարբեր էթնիկ խմբերի պատկանող տղամարդկանց և կանանց մի շարք վերամշակված լուսանկարներ են ցույց տվել:Մասնակիցներից յուրաքանչյուրը լուսանկարների շարքից պետք է առավել գերող և ամենաագրեսիվ դեմքն ընտրեր:
Արդյունքում պարզվել է, որ միայն արդյունաբերական գերզարգացում արձանագրած և ուրբանիզացված երկրների քաղաքացիներն են գրավիչ համարել առնականությունն ու կանացիությունը:










