Չինաստանը հարձակումներ է սկսել iPhone-ի օգտատերերի վրա
Չինաստանի իշխանությունները խոշոր հարձակում են կազմակերպել Apple ընկերության արտադրանքի օգտատերերի անձնական տվյալների վրա։ Ենթադրվում է, որ Չինաստանը ստեղծել է կեղծ iCloud կայք, որտեղ ուղարկվում են օգտատերերի բոլոր հարցումները, գրում է ДНИ.ru-ն։
Չինաստանի տարածքում iCloud կայքի համար արվող բոլոր հարցումներն ավտոմատ կերպով փոխանցվում են «հայելի-կայքին», այդպիսով օգտատերերը, իրենք էլ չիմանալով, բացահայտում են իրենց անձնական տեղեկությունը։ Նշվում է, որ կեղծ կայքի սեփականատերերին հասանելի են ոչ միայն տեղեկությունները, որոնք օգտատերը ցանկանում է փոխանցել կայքին այդ պահին, այլև ամբողջ պարունակությունը։
Great Fire կազմակերպությունը վստահեցնում է, որ նման կայք ստեղծելն անհնար է առանց երկրի իշխանությունների աջակցության։ Հարձակումն ուղղված է բացառապես Չինաստանի բնակիչների վրա։ Այդ մասին վկայում է նաև այն փաստը, որ Google Chrome և Firefox դիտարկիչները նկատում են, որ կայքն իրական չէ և զգուշացնում են օգտատերերին։ Մինչդեռ Չինաստանում ամենատարածված Qihoo դիտարկիչը նման ազդանշան չի տալիս։










