Ապացուցե՛ք, և ես հրաժարական կտամ. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ այն դեպքում, երբ ապացուցվի, որ կառավարությունը քրդերի հետ «ատելության լեզվով» է խոսում, գրում է թուրքական Sabah օրաթերթի կայքը:
Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն, և իրենց երկրում մի ազգի գերակայություն մյուս ազգերի նկատմամբ չկա:
«Քրդերի հանդեպ ատելություն սերմանող խոսքեր օգտագործելս եթե ապացուցեք, ես հրաժարական կտամ: Եթե կառավարությունից մեկն է օգտագործել, ապացուցեք, և նրան պաշտոնից կազատեմ»,-ասել է Դավութօղլուն՝ ի պատասխան այն դիտարկումների, թե երկրում քրդերը որպես երկրորդ կարգի մարդ են ընկալվում:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայում քրդերի մասնակցությամբ բախումներ են տեղի ունեցել. Թուրքիայում բնակվող քրդերը երկրի կառավարությանը մեղադրում են թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քրդաբնակ բնակավայրում «Իսլամական պետության» դեմ չպայքարելու համար:
Դրանից հետո Թուրքիայում գործող որոշ կուսակցություններ կառավարությանը մեղադրել են քրդերին ավելի ցածր դասելու և հավասար չվերաբերվելու համար:










