Թուրքիայում պետականության դեմ ակցիաները կարգելվեն. Դավութօղլու
Թուրքիայում ակցիաներ անցկացնելու հարցում բարեփոխումներ են տեղի ունենալու՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է TRT Haber հեռուստաընկերության կայքը, վարչապետն ասել է, որ բարեփոխումների շրջանակում արգելվելու է պետականության դեմ ցանկացած ակցիա, որը սպառնալիք է ժողովրդի կյանքի համար:
Դավութօղլուն նշել է, որ ակցիաների ընթացքում արգելվելու է դիմակներ կրել. դա գնահատվելու է որպես սպառնալիք:
«Մենք թույլ չենք տա, որ այս հողերը Քերբալայի (նկատի ունի Իրաքի Քերբալա քաղաքը-Tert.am) վերածվեն: Ոչ մի դեպքում էթնիկ հիմքով սպանություններ տեղի չեն ունենալու, մարդասպաններն այս հողի վրա տեղ չեն ունենալու: Դա պետք է ի գիտություն ընդունեն»,-ասել է նա:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ ոչ ոք զենքով ցույցերի մասնակցելու իրավունք չունի, և ցույցերին զինված մասնակցելու պատիժը 2.5 տարվա փոխարեն դառնալու է 4 տարի:
Արմատական փոփոխություններ են տեղի ունենալու նաև ոստիկանական համակարգում, իսկ թմրավաճառները գրանցվելու են որպես ահաբեկիչներ:










