Քլինթոնը 2,1 մլն դոլար է հավաքել մեկ ընթրիքի ընթացքում դեմոկրատներին աջակցելու համար
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2,1 միլիոն դոլար է հավաքել մեկ ընթրիքի ընթացքում Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ դեմոկրատների աջակցության համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին, որն էլ վկայակոչում է իր աղբյուրները: Միջոցառումն անցկացվել է Բրենթվուդում գտնվող Tavern ռեստորանում:
Տոմսի արժեքը 32,4 հազար դոլար է եղել: Հյուրերը նաև հնարավորություն են ունեցել մինչև 211,2 հազար դոլարի ներդրում անել Grassroots Victory Project 2014 հանձնաժողովում, պնդում է թերթը: Միջոցները հավաքվել են Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող թեկնածուներին օգնություն տրամադրելու համար:
Միջոցառման հյուր է դարձել մոտ 60 մարդ, իսկ երեկոյի հաղորդավարները եղել են պրոդյուսեր Ջեֆրի Կատցենբերգը և ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: Կատցենբերգը հավաքվածներին ներկայացրել է Քլինթոնին, և նախկին պետքարտուղարը պատմել է այն մասին, թե որքան կարևոր է դեմոկրատների համար պահպանել մեծամասնությունը Սենատում՝ իմիգրացիոն բարեփոխումը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարևոր նախաձեռնություններն իրականացնելու համար, ասված է հոդվածում:
Աղբյուրի խոսքով՝ Քլինթոնը չի հստակեցրել, թե պատրաստվում է մասնակցել 2016 թվականի նախագահական ընտրություններին, սակայն հյուրերը «նրան վերաբերում էին, ասես նա արդեն մասնակցում է նախագահական մրցապայքարին»:










