Մենք չպաշտպանեցինք մեր պայմանավորվածությունը, ինչն էլ լուրջ գնահատականի արժանացավ ՀՅԴ-ի կողմից. Ռուբեն Հակոբյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, արձագանքելով ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իրենք չեն ստորագրել արտահերթ կարգով հարցեր քննարկելու եռյակի առաջարկների տակ, քանի որ այդ փաստաթուղթն իրենց հետ չեն քննարկել, խոստովանեց, որ եռյակը չպաշտպանեց պայմանավորվածությունը, ինչն էլ լուրջ գնահատականի արժանացավ ՀՅԴ-ի կողմից:
«Անկեղծ ասած՝ չեմ կարող չասել. մենք պայմանավորվել էինք «Դաշնակցության» հետ, որ 12 կետերի հետ կապված քառյակում նիստ հրավիրենք, ցավոք սրտի, մենք չպաշտպանեցինք այդ մեր պայմանավորվածությունը, ինչը բնականաբար որոշակիորեն շատ ընդգծված լուրջ գնահատականի արժանացավ ՀՅԴ-ի կողմից»,-նշեց նա և հավելեց, թե ինչ-որ տեղ հասկանալի է:
«Եթե ինչ-որ փաստաթղթի տակ որևէ մեկը պետք է ստորագրի, առավել ևս եթե քաղաքական ուժ է, պիտի մասնակցի այդ փաստաթղթի ձևավորմանը»,-ասաց Հակոբյանը։
Դիտարկմանը, որ ՀՅԴ-ից մեղադրում են եռյակին՝ իշխանությունների հետ բանակցությունների գնալու համար, նա արձագանքեց. «Ես չգիտեմ` եթե բանակցություններ չլինեն, դժվար կլինի այս պետության մեջ, բայց մի ձևակերպումը հետաքրքիր է, որ նրանք էլ են բանակցում, այսինքն` մենք բանակցում ենք, իրենք էլ են բանակցում: Բանակցել, մենք չենք բանակցում, ես չեմ տեսել կամ տեղյակ չեմ։ Բայց մյուս կողմից այդպես բոբո մի դիտեք դա, այլ հարց է, որ կերպար է ձևավորվել, որ ընդդիմությունը պետք է սառը կանգնի ու ասի` ոչ մեկիդ չեմ ընդունում»:










