Հոնկոնգի իշխանություններն առաջին պաշտոնական բանակցություններն են վարել ցուցարար ուսանողների հետ
Հոնկոնգի վարչակազմի հինգ պաշտոնյա և ուսանողական բողոքի շարժման հինգ ներկայացուցիչ երեքշաբթի անցկացրել են Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի սահմանադրական բարեփոխման հարցերի, այդ թվում՝ 2017 թվականի շրջանի ղեկավարի ընտրությունների կարգի շուրջ առաջին պաշտոնական խորհրդակցությունները, գրում է ТАСС-ը:
Խորհրդակցություններին իշխանությունների կողմից մասնակցել են արդարադատության նախարար Ռիմսկի Յուենը, սահմանադրության և ցամաքային Չինաստանի հետ հարաբերությունների հարցերով նախարար Ռեյմոնդ Տամը և Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի գրասենյակի տնօրեն Էդվարդ Յաուն:
Ցուցարարներին ներկայացրել է ուսանողական շարժման առաջնորդներից մեկը՝ Ալեքս Չոուն, ինչպես նաև Հոնկոնգի ուսանողների ֆեդերացիայի ևս չորս անդամ:
Հանդիպման ընթացքի և դրա արդյունքների մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Տեղական ընտրությունների ժողովրդավարացման աջակիցների ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն երեք շաբաթից ավելի, սակայն ընդհանուր առմամբ աստիճանաբար անկում են ունենում:










