15-ամյա տղային դատել հորը պաշտպանելու համար. ինչպե՞ս է նա 18 տարեկանում հայրենիք պաշտպանելու. Կարեն Քոչարյան

11:47 • 21.10.14

Անարդարության ֆոնի վրա է, որ հասարակությունն ունի խնդիր իշխանությունների հետ. այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։


«Շանթի տասնհինգ տարեկան տղային դատել չորս տարով նրա համար, որ պաշտպանել է հորը... ինչպե՞ս է նա տասնութ տարեկանում գնալու՝ հայրենիք պաշտպանելու: Անարդարության ֆոնի վրա է, որ հասարակությունն ունի խնդիր իշխանությունների հետ, և համարում եմ իշխանության քայլերը ոչ ադեկվատ»,-ասաց նա:


Անդրադառնալով հոկտեմբերի 10–ին ոչ իշխանական ուժերի հրավիրած հանրահավաքին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ այն մարդիկ, որ բերվել էին հրապարակ, նույն էներգետիկան չունեին, ինչ 2008 թվականի հանրահավաքի մասնակիցները: Նա նկատեց, որ ամեն տարի գարնանը և աշնանը հնչում են իշխանափոխության կոչեր:


Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հավանական առաջադրմանը որպես ՀՀ նախագահի թեկնածու, Կարեն Քոչարյանն ասաց. «Խոսել առաջադրումների մասին ընտրություններից չորս տարի առաջ՝ ես համարում են անլուրջ, ամեն ինչ «եթե»-ներով է խոսվում: Այսօր քաղաքականության մեջ ես երկու խնդիր եմ տեսնում՝ մարդկանց սոցիալական վիճակը և արդարության պակասը, այս երկու հարցի շուրջ այսօր գրեթե ոչ մեկ չի խոսում: Ես համոզված եմ, որ հասարակության 99 տոկոսը չգիտի՝ մենք ունե՞նք Սահմանադրություն, ի՞նչ է այն, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված, ժողովրդին հետաքրքրում է իր սոցիալական վիճակը»,-ասաց նա և նշեց, որ իշխանափոխության ներուժ չի տեսնում: