«Իսլամական պետության» ջիհադիստները կրկին գրոհում են Քոբանին (լուսանկարներ)
Չնայած ռազմական օգնությանը, որն ԱՄՆ-ն և դաշնակիցները ցուցաբերում են քրդերին սիրիական Քոբանի քաղաքում, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը սկսել է նոր գրոհ Թուրքիայի հետ սահմանին գտնվող այդ ռազմավարական կարևոր բնակավայրի վրա, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Քոբանիի հյուսիսային հատվածում մահապարտների իրականացրած երկու հարձակումներից հետո ջիհադիստները հարձակվել են քաղաքի վրա «բոլոր ճակատներում», երեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ի գիշերը հայտնել է «Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոն» ընդդիմադիր կենտրոնը: Հոկտեմբերի 20-ի երեկոյից քաղաքում կատաղի մարտեր են ընթանում քուրդ զինյալների և «Իսլամական պետության» միջև:
Քոբանիի հյուսիսային հատվածում մահապարտների իրականացրած հարձակումները հավանաբար նպատակ ունեին կտրել քաղաքը Թուրքիայից: AFP գործակալությունը նշում է, որ Քոբանին ջիհադիստների համար և՛ ռազմավարական, և՛ խորհրդանշական նշանակություն ունի. եթե նրանց հաջողվի գրավել այդ քաղաքը, ապա նրանք կկարողանան հսկողության տակ վերցնել Թուրքիայի հետ սահմանի մի հատվածը:
Վերջին օրերին իսլամիստները Քոբանիին են մոտեցնում նոր ուժեր, որպեսզի մարտի ելքն իրենց օգտին լուծվի:










