Բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը
Այսօր տեղի ունեցած երթի ընթացքում, ժամը 15:30-ի սահմաններում, Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը: Այս մասին տեղեկացնում է Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջը։
Այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հարյուրից ավել քաղաքացիներ այսօր փողոց էին դուրս եկել՝ իրենց բողոքն ու ցասումն արտահայտելու ընդդեմ ոստիկանության անմարդկային և անօրինական գործողությունների:
Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 19-ի երեկոյան, ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, Ալեք Ենիգոմշյանն իր հարևան Վահրամ Գաբրիելյանի հետ միասին վերջինիս ավտոմեքենայով տուն վերադառնալու ճանապարհին է լինում: Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք և ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշելով Ալեք Ենիգոմշյանին՝ դուրս են հանել ավտոմեքենայից: Չնայած Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:
Երթի մասնակիցները կատարվածը որակում են որպես սադիզմ և անարգանք ազգային հերոսի նկատմամբ: Ենթադրվում է, որ Գևորգը Սաֆարյանը բերման է ենթարկվել, քանի որ ակցիայի մասնակիցները ձվեր են նետել Ոստիկանության շենքի ուղղությամբ»:










