Թբիլիսիի բնակչուհիները կաթսաները ձեռքին հիշեցրել են ընտանեկան բռնության մասին
Վրաստանի բնակչուհիները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց, որի նպատակն է եղել իշխանությունների ուշադրությունը հրավիրել ընտանեկան բռնության խնդրին, հայտնում է lenta.ru-ն՝ apsny.ge կայքին հղումով։
Ակցիային մասնակցել են մոտ 20 կանայք, ովքեր զինված են եղել խոհանոցային պարագաներով՝ կաթսաներով, գրտնակներով, ափսեներով և բաժակներով։
Բոլորի բերանները կապված է եղել կտորով, ակցիայի ընթացքում նրանք սկսել են աղմուկ հանել կենցաղային իրերը միմյանց հարվածելով, որից հետո դրանք թողել են կառավարության շենքի դիմաց և հեռացել։
Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Նինո Լոմջարիի խոսքով՝ միայն վերջին տարում արդեն 20 կին է մահացել ընտանեկան բռնության պատճառով։
Վերջին մահվան դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին։ Դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել. Թբիլիսիում ամուսինն այցելել է կնոջ աշխատավայր, սպանել նրան, ապա՝ ինքնասպան եղել։
Կառավարությունից խոստացել են մոտ ժամանակում անդրադառնալ խնդրին և համապատասխան փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ։












