«Վնուկովոյում» վթարի հետևանքով մահացել է Total նավթային ընկերության ղեկավարը (թարմացված)
9.55 Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում տեղի ունեցած վթարի մասնակից ձնահավաք մեքենայի վարորդը հարբած է եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է gazeta.ru-ն։
9.40
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը հաստատել է հաղորդագրությունն այն մասին, որ թռիչքի պահին վթարված Falcon-50 օդանավի սրահում գտնվել է ֆրանսիական Total խոշոր նավթային ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար 63-ամյա Կրիստոֆ դե Մարժերին, գրում է BBC News-ը։
Վթարի պատճառը, ըստ օդանավակայանի մամուլի ծառայության, օդանավի բախումն է եղել ձնահավաք մեքենային, որն անհայտ պատճառներով թռիչքի պահին հայտնվել է թռիչքուղու վրա։
Նախնական տվյալներով՝ մահացել է 5 ուղևոր՝ ձնահավաք մեքենայի վարորդը, անձնակազմի 3 անդամ և մեկ ուղևոր։
ՌԴ Քաղավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներեդկոն գլխավորել է վթարի հանգամանքները հետաքննող հանձնաժողովը։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Total-ի ղեկավարը ՌԴ էր այցելել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման նպատակով։










