Ինչպե՞ս են քվեարկելու ԱԺ խմբակցությունները ԵՏՄ անդամակցության պայմանագրին
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը, համաձայն «Միջազգային պայմանագրերի մասին օրենքի», առնվազն 1.5 ամսվա ընթացքում պետք է ուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման: 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո խորհրդարանում ներկայացված խորհրդարանական ուժերը բազմից դիրքորոշումներ հայտնել են Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ. այսուհանդերձ Tert.am-ը, առաջիկա արտաքին քաղաքական մարտահրավերին ընդառաջ, ևս մեկ անգամ ճշգրտեց ԱԺ խմբակցությունների դիրքորոշումն ու քվեարկության կերպը:
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այս կապակցությամբ ասաց, որ խմբակցությունը չի կարող դիրքորոշում ունենալ մի փաստաթղթի նկատմամբ, որը չեն տեսել. «Երբ այն կգա Ազգային ժողով, կքննարկվի, և կտեսնենք, թե որքանո՞վ են այդ փաստաթղթում լուծված մեր մտահոգությունները, այդ ժամանակ խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը: Չտեսած փաստաթղթի վերաբերյալ, չեմ կարծում, որ որևէ խմբակցություն կամ քաղաքական ուժ կարող է օբյեկտիվ դիրքորոշում հայտնել»:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նաև այն մտահոգությունների մասին, որոնք մինչ այս ունեցել են. ինչպե՞ս է լուծվում Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետի խնդրահարույց հարցը, 800 և ավելի անուն ապրանքատեսակների մաքսատուրքերի ավելացման ռիսկերը լուծվո՞ւմ են, թե ոչ: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ակնկալում են ստանալ խորհրդարանական քննարկումների ընթացքում՝ հիմնական զեկուցողից:
Այդուհանդերձ, 36 հոգանոց խմբակցությունում հարցի շուրջ ի՞նչ նախնական դիրքորոշում ու կոնսենսուս կա. ի պատասխան այս հարցի՝ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ խմբակցության ներսում տարբեր տեսակետներ կան, և նշված հարցերի պատասխանները ստանալուց հետո և քվեարկությունից առաջ մեկ անգամ ևս կքննարկեն, և ինչպես մեծամասնության դիրքորոշումը ձևավորվի, այնպես էլ կքվեարկեն:
Ինչ վերաբերում է անձամբ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշմանը, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «պարոն Ծառուկյանն իր դիրքորոշումը կհայտնի», ինչը վերջինիս փոխարեն անել չի կարող:
«Հայ ազգային կոնգրես»
Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչպես կքվեարկեն, իսկ խմբակցության մեկ այլ անդամ՝ Գագիկ Ջհանգիրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կբերեն փաստաթուղթը՝ կտեսնեն:
Այսուհանդերձ, հիշեցնենք, որ եռյակի վերջին հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ հնչեցրեց այս հարցում իր դիրքորոշումը՝ ԵՏՄ-ին անդամակցությունը համարելով անշրջելի, իսկ դրան ընդդիմացողներին՝ «ջղաձգվողներ»:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԵՏՄ-ի պայմանագրին իրենց կողմ դիրքորոշումը արտահայտեց «բարով գա» բառակապակցությամբ. «Դաշնակցությունը միշտ իր որոշումները, որոնք հայեցակարգային նշանակություն ունեն, չի փոխում և էդպես հեշտ չի վերանայում, ի տարբերություն ոմանց, և որոշ քաղաքական ուժերի: Սա է երևի, որ քաղաքական լայն շրջանակում որոշ ջղաձգումներ է առաջացնում»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ մաքսակետին, ապա ՀՅԴ-ն այս հարցում կջղաձգվեր, եթե վստահ լիներ, որ նման բան լինելու է: «Այդ փաստաթուղթը կբերվի, Դուք էլ կտեսնեք, որ նման բան դրանում չկա»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
«Ժառանգություն»
Խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը կարծում է, որ քվեարկությունից առաջ «Ժառանգությունը» «դեմ» քվեարկության մասին կոնսենսուսային որոշում կունենա և ավելացրեց, որ չի կարծում, որ այս հարցում դիրքորոշումների տարբերություն կա մի կողմից իր ու Զարուհի Փոստանջյանի, մյուս կողմից՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի միջև:
«Ինքս էլ մի քանի անգամ լսել եմ պարոն Հակոբյանի ելույթները, ով համարում է, որ Հայաստանը որևէ միության հետ չպետք է անդամակցություն ունենա՝ հաշվի առնելով կոնֆլիկտային իրավիճակները»,- ասաց Թևան Պողոսյանը:
Ըստ այդմ՝ ստացվում է, որ եթե իրենք ԵՄ-ի հետ ասոցացման կողմնակից են, ապա Ռուբեն Հակոբյանը՝ «ոչ, ոչ»-ի:
«Օրինաց երկիր»
Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ հաշվի առնելով, որ մամուլում չափազանց շատ են բացասական անդրադարձերը, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ինչ գործոններ կազդեն Հայաստանի վրա` ՕԵԿ-ի համար ևս շատ կարևոր է ծանոթանալ փաստաթղթին և ստանալ պատասխաններ:
«Տեսնում եք՝ մամուլը հեղեղված է տարբեր բացասական կարծիքներով, որ կլինեն թանկացումներ, իհարկե, ամենա, կարելի է ասել, դժվարությունն այն է, որ մենք և ԵՏՄ անդամ պետությունները սահմանակից պետություններ չենք և չգիտենք՝ ո՞ր կետերում է, որ կունենանք դրականը: Ես լավատես եմ այդ հարցում, թեպետ բացասականն ավելի շատ է արծարծվում: Ուղղակի փորձենք լսել կարծիքները»,-ասաց Հեղինե Բիշարյանը:
«Հանրապետական»
Ըստ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանի՝ այս հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու, Կառավարության ներկայացուցչից որոշակի հարցերի պատասխաններ ստանալու արդյունքում խմբակցությունը կձևավորի իր դիրքորոշումը:
«Փաստաթուղթը չի ներկայացվել, երբ կներկայացվի, և՛ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը, և՛ «Հանրապետական» խմբակցությունը կկազմակերպի քննարկումներ»,-ասաց Կորյուն Նահապետյանը:
«Ժառանգություն»
Խմբակցության ֆորմալ անդամ Ալեքսանդր Արզումանյանն այս առնչությամբ ասաց, որ իր դիրքորոշումն իր ճակատին գրված է. կտրականապես դեմ է, դեմ է քվեարկելու, ինչի մասի մի քանի տասնյակ անգամ արտահայտվել է:
Նա, նկատի ունենալով վերջին տարիների փորձը, անակնկալներ չի նախատեսում «Հանրապետական» խմբակցության պատգամավորների քվեարկությունից:
«Իսկ «չիշխանության» մասով միայն կարող եմ ենթադրել, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու, իսկ մնացածը, դատելով միտինգից, այսինքն՝ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Բարգավաճ Հայաստանը» կողմնակից են: Բայց կտեսնենք»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:










