Արևմտահայոց 4-րդ համագումարից հետո Թուրքիային իրավաքաղաքական պահանջագիր կներկայացվի

20:06 • 22.10.14

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Արևմտահայոց 4-րդ համագումար է կազմակերպվում, որը կկայանա մինչև 2015 թ. ապրիլ ամիսը: Այդ համագումարի արդյունքում Թուրքիայի իշխանություններին կներկայացվի իրավաքաղաքական պահանջագիր՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար:

 

«Գլխավոր նպատակն այն է, որ միջազգային մասնագետների մասնակցությամբ արդեն երկու տարի է՝ պատրաստվում է արևմտահայերի պահանջների փաստաթուղթ, որը կլինի ո´չ թե երազային ցանկությունների վրա հիմնված, այլ՝ իրավական, իրատեսական, պատասխանատու, բանակցելի և նաև՝ դատարանով ապացուցելի փաստաթուղթ: Դրա վրա հիմա աշխատում են միջազգային իրավունքի ոչ հայ մասնագետներ»,-Tert.am-ին ասաց «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության գլխավոր քարտուղար Սևակ Արծրունին:

 

Վերջինիս ներկայացմամբ՝ Արևմտահայերի ազգային համագումարն իրենք չէ, որ ստեղծել են: Դա ստեղծվել է 1912թ.-ին՝ Գևորգ 5-րդ կաթողիկոսի կոնդակով, Պողոս Նուբար փաշան նշանակվել է ազգային պատվիրակության ղեկավար, որը պետք է արդեն Ցեղասպանությունից երեք տարի առաջ զբաղվեր դժվարին կացության մեջ գտնվող հայերի իրավիճակի փոփոխությամբ:

 

Այդ գործընթացը դադարեց, երբ տեղի ունեցավ Ցեղասպանությունը, երբ արևմտահայությունը զանգվածաբար գաղթական դարձավ: «Այս գործընթացն անմիջապես շարունակություն ունեցավ 1917թ.-ին, և առաջին համագումարը տեղի ունեցավ Երևանում՝ Անդրանիկ փաշայի և Պողոս Նուբար փաշայի համագործակցությամբ, որպեսզի լուծեն արևմտահայ փախստականների խնդիրը»,-ասաց Սևակ Արծրունին:


Համագումարին մասնակցելու են ամբողջ աշխարհի հայերի կողմից նշանակված պատվիրակներ, Հայաստանից մասնակցելու է 35 պատվիրակ: