Բակո Սահակյանը կարևորում է արցախյան հակամարտությամբ զբաղվողների այցը ԼՂՀ. Դավիթ Բաբայան

21:44 • 22.10.14

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հրաժեշտի ասուլիսի ընթացքում ասել է, թե տեղյակ չէ Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Արցախ հրավիրելու նախաձեռնության մասին:


«Խնդիրն այն է, որ այդ հրավերի մասին խոսվել է Բակո Սահակյանի հետ «Ամերիկայի ձայնի» լրագրողի հարցազրույցի ժամանակ: Խոսելով նման հրավերի մասին՝ Նախագահը չի խոսել կոնկրետ փաստաթղթի, կոնկրետ նամակի, այնտեղ գրված տեքստի, ստորագրության մասին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:


Վերջինիս խոսքով՝ խնդիրն այն է, որ Արցախի ղեկավարությունը պարբերաբար տարբեր հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, կարևորում է, որպեսզի Արցախ ժամանեն տարբեր երկրների ղեկավարներ, հատկապես՝ այն երկրների, որոնք զբաղվում են արցախյան հակամարտության կարգավորմամբ և երկրի հետագա ճակատագրով:

 

«Նախագահը մշտապես կարևորել է դա և ասել, որ դա կնպաստի իրավիճակն ավելի ճիշտ և ռեալ պատկերացնելուն»,-ասաց Դավիթ Բաբայանը: