Խորհրդային միության երկրների կրկեսային կոլեկտիվները կմիավորեն հյուրախաղային համակարգը

22:28 • 22.10.14

Օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած «Կրկես՝ առանց սահմանների» խորագրով միջազգային գիտաժողովին Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը առաջարկել է, որ Խորհրդային միության մի շարք երկրների կրկեսային կոլեկտիվներ միավորեն իրենց հյուրախաղային համակարգը, ինչը հավանության է արժանացել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայության ղեկավար Նարինե Կիրակոսյանը: Նա նշեց, որ հյուրախաղերի միասնական պլանավորումը թույլ կտա ակտիվացնել կրկեսային գործիչների համագործակցությունը, ինչպես նաև՝ մի շարք առումներով կրճատել ծախսերը, թարմացնել և մշակել կրկեսային նոր ծրագրեր:


«Հետխորհրդային երկրների կրկեսային գործիչները հեռանկարում մտադիր են ուսումնասիրել և քննարկել այս առաջարկության մանրամասները, որոնց միջոցով ձևավորվելու է միասնական հյուրախաղային համակարգը: Հաջողության հասնելու դեպքում հնարավոր է, որ այդ համակարգում ներգրավվեն նաև Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի կրկեսների ներկայացուցիչները»,-ասաց նա:


Նարինե Կիրակոսյանը նաև նշեց, որ Սոս Պետրոսյանը նաև առաջարկել է Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպել միջազգային կրկեսային փառատոն, քանի որ կրկեսի անբաժանելի մասն են փառատոնները:

 

«Արդեն իսկ այս մտահղացմանն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի պետական կրկեսային ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Գագլոևը: Փառատոնի անցկացման համար Միջազգային կրկեսային գործիչների ասոցիացիային հարցում է ուղարկվելու: Առաջին փառատոնը կարող է տեղի ունենալ 2016 թվականին: Մինչ այդ արդեն շահագործման հանձնված կլինի Երևանի կրկեսի նոր շենքը, որի տեխնիկական հագեցվածությունը միջազգային մակարդակի նման փառատոն անցկացնելու հնարավորություն կընձեռի»,-ասաց նա:


Նշենք, որ «Կրկես՝ առանց սահմանների» գիտաժողովը կազմակերպվել էր անցյալ շաբաթ՝ Մոսկվայում նշվող ռուսական և խորհրդային կրկեսի 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: