Թևան Պողոսյանը հնարավոր է համարում, որ մի օր կանանց ադապտացված զինծառայություն անցնելու օրենսդրական առաջարկ անի

19:33 • 22.10.14

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը հանելու օրենսդրական առաջարկով հանդես եկած համահեղինակներից (Ռուբիկ Հակոբյանի հետ) պատգամավոր Թևան Պողոսյանը Tert.am –ի հետ զրույցում նախագծի մշակման գաղափարը այսպես մեկնաբանեց. «Ուսումնական հաստատություններն օգտագործվում են բանակից խուսափելու համար. սա ընդհանուր խնդիր է, և նաև Ղարաբաղի փորձն ու այլ երկրների փորձն ուսումնասիրելով, գիտակցելով մեր անվտանգության բոլոր խնդիրները, եկանք այն եզրահանգման, որ անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի 18 տարին լրացած ցանկացած երիտասարդ գնա բանակ, դրանից հետո կարող է հանգիստ շարունակել:


-Պարո´ն Պողոսյան, հեղինակները նախաձեռնությունը մեկնաբանում են այսպես. բարձրագույն կրթություն ստանալ, իսկ այնուհետև՝ գիտությամբ զբաղվել ցանկացողների համար իրապես կապահովվի հավասար մեկնարկային հնարավորություն. մեզ մոտ առկա է միտում, ըստ որի՝ ՀՀ արական սեռի բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, շատ հաճախ՝ նույնիսկ չկարևորելով մասնագիտական կողմնորոշումը: Ի՞նչ փորձի հիման վրա եք մշակել նախագիծը:

 

-Գաղափարը գալիս է նրանից, որ ուսումնական հաստատություններն օգտագործվում են բանակից խուսափելու համար, սա ընդհանուր խնդիր է, և նաև Ղարաբաղի փորձն ու այլ երկրների փորձն ուսումնասիրելով, գիտակցելով մեր անվտանգության բոլոր խնդիրները, եկանք այն եզրահանգման, որ անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի 18 տարին լրացած ցանկացած երիտասարդ գնա բանակ, դրանից հետո կարող է հանգիստ շարունակել …


-Բայց չէ՞ որ կարող են կորցնել ինչ-որ հմտություններ, գիտելիքներ, օրինակ՝ ձայն են մշակել…


-Բնականաբար, նման դեպքերը պետք է յաշվի աջնել, օրինակ՝ լավ երգողը, լավ մարզիկը, փայլուն մաթեմատիկոսը և այլն պետք յուրահատուկ դեպք համարվի, և որոշակի տարկետում կարող է տրվել՝ Կառավարության որոշման:


-Բայց իրենք ասում են, որ տարեկան մինչև 20 նման դեպքի մասին է խոսքը:


-Բայց 2000-ից 3000 հազար անձ էլ կարողանում է օգտվել՝ կոնկրետ չլինելով անփոխարինելի մաթեմատիկոս կամ փայլուն երգիչ:


-Այսօր մամուլում նշվել էր, որ Դուք չեք ծառայել բանակում, ուստի բարոյական իրավունք չունեք նման օրենքի նախագիծ հեղինակել:

 

-Մամուլի այդ գրողների հարցին պատասխանելու, առիթ ունեցել եմ, և ինձ թվում է՝ դա տարրական լրագրողական էթիկայի խախտում է, որովհետև լրագրողը որևէ բան գրելուց առաջ պետք է խոսեր բոլոր շահագրգիռ կողմերի հետ, երկրորդ՝ կարելի էր դիմել ՀՀ զինկոմիսարիատ և իրենցից պարզել՝ արդյո՞ք եղել է դեպք, որ իրենք կանչել են Թևան Պողոսյանին, և նա չի ներկայացել, դիմեն պաշտպանության նախարարությանը՝ հարցնեն՝ ինչի համար են ինձ մեդալով պարգևատրել: Ինքս պահեստազորի սպա եմ, և սովորելուս ընթացքում բանակում չեմ ծառայել, բայց երբևէ չեմ փախել բանակից, այդ ընթացքում սովորել եմ և՛ մագիստրատուրայում, և՛ ասպիրանտուրայում, որի ժամանակ չեմ կանչվել: Նաև ամեն առիթը բաց չեմ թողել՝ լինելու Ղարաբաղում: Այնպես որ՝ դասալիքի որակավորումը թող գրողն իր վզին փաթաթի:

 

-Պարո´ն Պողոսյան, Ձեր խոսքում հիշատակեցիք Իսրայելի փորձը: Հիշեցնեմ, որ այնտես ծառայում են նաև կանայք, և նաև՝ Գյումրու «Ասպարեզ ակումբի» նախագահն էր ամենայն լրջությամբ առաջարկել, որ կանանց ևս զորակոչեն բանակ:

 

-Լևոն Բարսեղյանի կոչը չեմ լսել, բայց իմ ֆեյսբուքյան էջում ես մի քանի ամիս առաջ նշել էի, թե ինքս ինչն եմ համարում կարևոր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին քայլեր ձեռնարկելու առումով: Առանձնացրել եմ այն, որ կանանց համար պետք է լինի ադապտացված զինվորական ծառայություն՝ 3-6 ամիս ժամկետով: Իսրայելի փորձը վկայում է, որ այն աղջիկը, որը ծառայել է, հետո դարձել մայր, իր երեխային ասում է, որ պետք է գնա ՝ ծառայի: