Ցեղասպանության մասին սոսկ հայտարարություններ կատարելը բավարար չէ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան

15:13 • 22.10.14

Պահանջատիրությունը ոգեկոչման մեկ այլ երեսն է, առանց որի մեր արդար դատը չի կարող հիմք ունենալ։ Tert.am–ի հետ զրույցում ասում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: 2015-ին Մայր Աթոռում ծրագրված կարևորագույն հոգևոր-եկեղեցական արարողությունների շարքում են Ցեղասպանության նահատակների` ապրիլի 23-ին տեղի ունենալիք սրբադասումը և մյուռոնօրհնության արարողությունը`սեպտեմբերի 27-ին:


-Սրբազան, ի՞նչ կարևորություն ու խորհուրդ ունեն սրբադասումը և մյուռոնօրհնությունը:


- Ցեղասպանության 100-րդ տարելիցին անմեղ զոհերի սրբադասումը չափազանց էական է մեզ համար. այն նոր էջ կբացի և´ Հայ Եկեղեցու, և´ ժողովրդի կյանքում. ի վերջո` մարդիկ, ովքեր սուրբ կյանքով են ապրում, ինչպես նաև գերագույն զոհողությամբ և պատարագումով որպես հավատքի վկաներ, դառնում են միջնորդներ մեր և Աստծո միջև: Մեծ Եղեռնի անմեղ նահատակները օրինակ կլինեն Եկեղեցու բոլոր զավակների համար` ապրելու սրբությամբ, հանուն հայրենիքի և գերագույն արժեքների սեփական կյանքը զոհելու բարձր գիտակցությամբ:


Տարակույս չունենք, որ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչումը կազնվացնի հայ մարդու հոգին, առիթ կտա` խորհելու, հավատքի կյանքով ապրելու, բարին արարելու, Աստծո սերն ու իմաստությունը իր կյանքի մեջ չմերժելու մասին: Պետք է կարողանանք հասնել մեր ժողովրդի կյանքում հոգևոր պայծառակերպությանը: 1.5 միլիոն հայեր նահատակվեցին հանուն քրիստոնեական հավատքի ու սրբազան հայրենիքի. արդյո՞ք մենք այժմ պատրաստ ենք այդ զոհողությանը. իսկ զոհողությունը մեր կյանքում կարող է արտահայտվել ընտանեկան սրբությունը պահելով, եղբայրասիրությամբ, մեր երկիրը շենացնելով, ինչպես նաև ընկերային կյանքի մեջ բարոյական նորմերը, ավետարանական պատգամները կյանքի կոչելով: Ի վերջո, նահատակների ոգեկոչումը, սրբադասումը պետք է իր ազդեցությունն ունենա, արտացոլվի հայ մարդու անհատական և հավաքական կյանքում, մի նոր մակարդակի բարձրացնի այն, հակառակ դեպքում արարողությունները կդառնան առերևութական, ինքնանպատակ: Սրբալույս մյուռոնի օրհնությունը ևս էական է մեզ համար. մյուռոնը մեր կյանքը կամրջում է Աստծո, նախնյաց հավատքի կյանքի հետ: Այն մեր ժողովրդին հոգևոր մխիթարություն կպարգևի:


- Ի՞նչ այլ ձեռնարկներ են սպասվում 2015-ին:


-Նախ, լույս կընծայվի Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Կարևոր է նաև Վեհափառի ներկայությունը եկեղեցական կարևորագույն կենտրոններում (Վատիկան, Փարիզ, Լոնդոն, Վաշինգտոն, Բուենոս Այրես, Ռուսաստան և այլուր) կազմակերպվող եկեղեցական, էկումենիկ և կրոնաքաղաքական բնույթի միջոցառումներին:


Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր կենտրոններում, թեմական կառույցներում Հայ Առաքելական Եկեղեցին հանդես կգա մի շարք ձեռնարկներով: Դրանց շարքում են գիտաժողովներ, երիտասարդական տարաբնույթ միջոցառումներ, ցուցահանդեսներ, հրատարակություններ, հուշարձանների կառուցում և այլն:


Կատարվում է մեծ աշխատանք` պատմական հիշողությունը, նահատակների հիշատակը վառ պահելու համար, ինչպես նաև օտար պետությունների, Քույր Եկեղեցիների ուշադրությունը հրավիրելու պատմական փաստին: Մայր Աթոռում մեզ աղոթակից կլինեն Հռոմի պապը, Համայն Ռուսիո պատրիարքը և այլք. հեղինակություններ, որոնց ներկայությունը ցույց կտա մեծ Եկեղեցիների ներգրավված լինելու հանգամանքը մեզ համար նշանակալի այս իրադարձությանը:


Ցեղասպանության 100-ամյակը կարևոր մի հանգրվան է մեր Եկեղեցու, մեր ժողովրդի պատմության մեջ, քանի որ այն խոսում է հայի անկոտրում հավատքի, արդարության տենչի, պահանջատիրական ոգու մասին: 100 տարի շարունակ մեր ժողովուրդը եկեղեցական արարողություններով, աշխարհիկ հանդիսություններով, անդադրում կերպով ոգեկոչում է իրենց կյանքը հանուն քրիստոնեական հավատքի, հայրենիքի ու սրբազան հողի զոհաբերած 1.5 միլիոն նահատակների հիշատակը՝ նորից ու նորից վեր հանելով ցեղասպանության պատմական եւ անուրանալի իրողությունը: 100-ամյակը նաև մեր ժողովրդի հաղթանակն ու հարությունն է խորհրդանշում:

2015թ. տեղի կունենա նաև երիտասարդական պատգամավորական ժողովը, որը Մայր Աթոռում կհամախմբի աշխարհասփյուռ թեմերից հարյուրավոր երիտասարդների: Անչափ կարևոր է նրանց ներգրավվածությունը կատարվող աշխատանքներին, քանի որ այս ամենը կատարվում է` հոգևոր ավանդն ու ժառանգությունը հենց իրենց փոխանցելու համար:

100-րդ տարելիցի միջոցառումների ողջ շարքը, նախևառաջ, կազմակերպվում է եկեղեցի-պետություն սերտ համագործակցությամբ, նաև` եկեղեցական, քաղաքական տարբեր կառույցների, կազմակերպությունների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավվածությամբ, որոնք պետք է սերունդների միտքը լուսավորեն պատմական փաստացի ճշմարտություններով: Միաժամանակ, այս միջոցառումները նաև դաստիարակիչ բնույթ ունեն` պարտավորեցնելու մեր ժողովրդի զավակներին, որպեսզի միշտ արթուն, հաստատուն մնան իրենց հավատքի կյանքում, իրենց ազգային պարտավորության մեջ: