Ադրբեջանի ավելի ու ավելի անհանդուրժող ռեժիմը. ադրբեջանցի իրավապաշտպանների հոդվածը The New York Times-ում

17:28 • 22.10.14

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպաններ Գունայ Իսմայիլովան և Սամիր Կազիմլին հոդված են հրապարակել The New York Times-ում, որտեղ բարձրաձայնում են իրենց երկրում մարդու իրավունքների հետ կապված վատթարացող վիճակի մասին:

 

Ինչպես գրված է հոդվածում, այժմ հաստատվել են երկու տարի առաջ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր խմբերի հնչեցրած մտավախությունները, որ «Եվրատեսիլ» մրցույթն Ադրբեջանում անցկացնելն է՛լ ավելի կօգնի Ադրբեջանի ավելի ու ավելի անհանդուրժող ռեժիմին. միայն վերջին տարվա ընթացքում երկրում տեղի են ունեցել մարդու իրավունքների պաշտպանների մի շարք ձերբակալություններ:

 

Հեղինակներն իրենց վրդովմունքն են արտահայտում Ադրբեջանի նկատմամբ Եվրոպայի մոտեցման առնչությամբ. Եվրոպայի խորհուրդը համաժողով է անցկացնելու շաբաթ և կիրակի օրերին Բաքվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:

 

«Դա ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ»,- գրում են հեղինակները՝ հիշեցնելով, որ արդեն սահմանափակ թվով անկախ ոչ կառավարական կազմակերպությունների բազմաթիվ առաջնորդներ բանտերում են կեղծ մեղադրանքներով: Նրանց խոսքերով՝ եվրոպացի առաջնորդները հավանաբար չեն այցելի բանտերում գտնվող վատ պայմաններում պահվող Լեյլա Յունուսին, Արիֆ Յունուսին, Ինթիգամ Ալիևին, Ռասուլ Ջաֆարովին և այլ իրավապաշտպանների ու լրագրողների:

 

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը տարօրինակ վայր է թվում քննարկելու համար, թե ինչպես իրականացնել մարդու իրավունքները»,- գրված է հոդվածում:

 

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սկզբունքները պահպանելու փոխարեն Ադրբեջանը շարունակել է օգտագործել օրենքը որպես քննադատներին լռեցնելու միջոց»,- գրում են հեղինակները՝ հավելելով, որ անընդունելի է, որ Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանում հովանավորում է մարդու իրավունքների մասին համաժողով, և դիվանագետներն ու եվրոպացի դատավորները պատրաստվում են մասնակցել իրադարձությանը:

 

Նրանք համոզված են, որ պետական հսկողության տակ գտնվող լրատվամիջոցները միայն օգտագործելու են իրադարձությունը Եվրոպայի խորհրդի պաշտպանած իրավունքները ոտնահարող Ադրբեջանի ներկայիս կառավարության լեգիտիմությունը մեծացնելու համար: