Շվեյցարիայում կալանադրվել են Բերեզովսկու հաշիվները
Շվեյցարիայի իշխանությունները կալանք են դրել բանկային հաշիվների վրա, որոնց փաստական տերը հանգուցյալ գործարար Բորիս Բերեզովսկին է:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
«Խոսքը 21 միլիոն շվեյցարական ֆրանկի չափով հաշիվների մասին է: Կալանքը դրվել է Ռուսաստանի Գլխավոր դատախազության պահանջով»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ այդ փողերը, ինչպես ենթադրվում է, պետք է վերադարձվեն Ռուսաստան՝ որպես Բերեզովսկու գործողություններից տուժածների փոխհատուցում:
Բորիս Բերեզովսկին մահացել է Մեծ Բրիտանիայում 2013 թվականի մարտի 23-ին: Ինչպես նույն տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայացած դատական նիստում հայտնել են իրավաբանները, ձեռնարկատիրոջ պարտքերը նրա մահվան պահին կազմում էին 483 մլն դոլար:










