Հրացանով զինված անձինք ներխուժել են Կանադայի խորհրդարան` վիրավորելով Ազգային զինվորական հուշարձանի պահակ-զինվորին (լրացված)
Ոստիկանությունը հաղորդում է, որ երեք տեղ են կրակոցներ հնչել` հուշարձանի մոտ, խորհրդարանի շենքում, այնուհետև մոտակա առևտրի սրահում: CNN-ի հաղորդմամբ` խորհրդարանի անդամ Բոբ Զիմերը թվիթերում գրառել է, որ խորհրդարանում կրակոցներ արձակած անձը սպանվել է:
Հաղորդվում է, որ մահացել է նաև վիրավորված զինվորը:
21.03
Հրացանով զինված անձը տասնյակ կրակոցներ է արձակել Կանադայի խորհրդարանի սրահներում` Ազգային զինվորական հուշարձանի մոտ պահակություն անցկացնող զինվորի վրա կրակելուց հետո:
Ինչպես փոխանցում է Daily Mail-ը` CNN-ին հղումով, Օտտավայի ոստիկանության հաղորդմամբ` կառույցի տարածքում 2-3 զինված մարդ կա, ինչպես նաև՝ մեկ կամ ավելի դիպուկահար` խորհրդարանի տանիքին: Հաղորդումը ստացվել է առավոտյան 11:00-ի դրությամբ:
Ականատեսների խոսքով` հրացանով զինված տղամարդը դուրս է եկել մեքենայից, կրակել զինվորի վրա, ապա վազել Խորհրդարանի կողմը:
Ավելի ուշ վարչապետ Ստեֆան Հարփերի խոսնակը հայտնել է, որ վարչապետը ապահով է և հեռացել է խորհրդարանի շենքից: Զինվորի վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:
Ականատեսները նաև հայտնել են, որ արաբական վզկապով տղամարդու են տեսել, ով երկար հրացան ուներ ձեռքին: Կանադական մամուլի հաղորդմամբ` կասկածյալի Toyota Corolla մակնիշի մեքենան դեռևս կայանված է շենքի դիմաց` միացված շարժիչով:















