Ահաբեկչության վտանգը բարձր է՝ ինչպես երբևէ. Եվրոպոլ

11:59 • 22.10.14

Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնրայթը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Եվրոպան բախվել է վերջին տասը տարվա ընթացքում ամենալուրջ ահաբեկչական վտանգին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ուեյնրայթի խոսքով՝ ԵՄ ոստիկանները և հատուկ ծառայությունները զգուշավորություն են ցուցաբերում ջիհադիստական պրոպագանդայի ազդեցության տակ հայտնված երիտասարդների ծայրահեղականացման հնարավորության առնչությամբ:

 

Ռոբ Ուեյնրայթը կոչ է արել թույլ չտալ համացանցի, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով ջիհադիստական խմբավորումներ երիտասարդների հավաքագրումը:

 

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն արդեն բազմիցս համացանցում են տեղադրել տեսանյութեր, որոնց թվում են եղել մասնավորապես «Իսլամական պետության» ջիհադիստների առևանգած ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների քաղաքացիների ցուցադրական սպանությունների նկարահանումները: