Ժնևում ընթանում է ԱՀԿ-ի արտակարգ կոմիտեի նիստը՝ նվիրված Էբոլա վիրուսի համաճարակին

19:44 • 22.10.14

 Ժնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ կոմիտեի նիստը՝ նվիրված Էբոլա վիրուսի թեմային, որի համաճարակը շարունակում է տարածվել Արևմտյան Աֆրիկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՀԿ-ի մամուլի ծառայությունում:

Սա արդեն երրորդ հանդիպումն է այս տարի: Ինչպես և առաջին երկուսը, որոնք տեղի են ունեցել օգոստոսին և սեպտեմբերին, այն ընթանում է տեսակապի ռեժիմով:

 

ԱՀԿ-ի շուրջ 20 փորձագետներ կլսեն այն երկրների ներկայացուցիչների զեկույցները, որտեղ գրանցվել են վիրուսով վարակվելու և մահվան դեպքեր, որի դեմ մինչ այժմ գոյություն չունեն գրանցված պատվաստանյութեր կամ դեղամիջոցներ:

Ամենից առաջ խոսքը Գվինեայի, Լիբերիայի և Սիեռա Լեոնեի մասին է, որոնց բաժին է ընկնում աշխարհում Էբոլա վիրուսից մահվան ավելի քան 4,5 հազար և վարակման 9,2 հազար դեպքերից գրեթե բոլորը:

ԱՄՆ-ում երեք մարդ է վարակվել վիրուսով, նրանցից մեկը մահացել է, Իսպանիայում վիրուսը հայտնաբերվել է միայն մեկ մարդու մոտ:

 

«Նիգերիայում գրանցվել է մահվան ութ և վարակման քսան դեպք, իսկ Սենագալում հիվանդացել է մեկ մարդ: Վերջին երկու երկրներում հիվանդության բռնկումը վերջնականապես ավարտված է հայտարարվել:

Ինչպես պարզաբանել են ԱՀԿ-ում, արտակարգ կոմիտեի նիստը կարող է լինել ինչպես մեկօրյա, այնպես էլ՝ շարունակվել հոկտեմբերի 23-ին:

 

Ըստ նիստի արդյունքների՝ փորձագետները որոշում կընդունեն՝ անհրաժեշտություն կա՞, արդյոք, նոր հանձնարարականներ առաջադրել շարունակվող համաճարակի կապակցությամբ:

Մինչ այդ առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալության փորձագետները դեմ են արտահայտվել այն երկրներ միջազգային ուղևորությունների և նրանց հետ առևտրի սահմանափակմանը, որտեղ Էբոլա վիրուսի բռնկում է դիտվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: