Google-ն ավելի քան 540 մլն դոլար կներդնի Magic Leap-ի «լրացուցիչ իրականության ակնոցի» ստեղծման գործում
Ամերիկյան Google ընկերությունը 542 միլիոն դոլար կներդնի Magic Leap ստարտափում, որը «լրացուցիչ իրականության ակնոց» և եռաչափ հատուկ էֆեկտներ է ստեղծում, գրում է rbc.ru-ն:
Magic Leap-ը նախագծի մասին մանրամասներ չի հայտնում: Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ռոնի Էբովիցը նկարագրել է Magic Leap-ի նպատակը որպես «համակարգչի հետ փոխգործունեության համար առավել հարմար կրելի տեխնոլոգիաների ստեղծում և առևտրայնացում»:
Re/code պորտալի տեղեկություններով՝ ընկերությունը ստեղծում է ակնոց, որը կհետևի օգտատիրոջ աչքի շարժմանը և դրանց վրա պատկեր կպրոյեկտի: Magic Leap-ում կարծում են, որ դա թույլ կտա ստեղծել է՛լ ավելի իրական պատկերներ, քան Oculus Rift ակնոցի միջոցով: Ընդ որում, եթե Oculus Rift-ը ստեղծում է ամբողջությամբ առանձին վիրտուալ իրականություն, ապա Magic Leap-ն օգտատիրոջը թույլ կտա տեսնել իրատեսական եռաչափ պատկերներ, որոնք կլինեն այնպիսին, ասես գոյություն ունենան իրական աշխարհում:
Ի դեպ, Google-ի ներկայացուցիչ Սունդար Պիչաին կընդգրկվի Magic Leap-ի տնօրենների խորհրդի կազմում:










