Երևանում 8-րդ դասարանցի աղջկա առևանգման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

13:11 • 22.10.14

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 19-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 8-րդ դասարանցի մի աղջիկ` կապկպված վիճակում:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից այս առիթով տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապ-օգնության խումբը կենտրոն է տեղափոխել 15-ամյա Խաչատրյանին՝ կապկպված վիճակում։ 

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում՝ անչափահասը հաղորդում է ներկայացրել, որ 2014թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան փողոցում 4 տղամարդ բռնության գործադրմամբ իրեն նստեցրել են մի ավտոմեքենա և տեղափոխել անհայտ ավտոտնակ, որտեղ կապել են ոտքերը, ձեռքերը, աչքերը և բերանը։ Ապա՝ իր և իր հոր հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ՝ նույն ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի 47 շենքի հարակից տարածք և փախուստի դիմել: 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական՝ գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։ 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։