Apple-ի առաջին համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է մոտ 1 միլիոն դոլարով

08:36 • 23.10.14

Նյու Յորքի Bonhams աճուրդի տան կազմակերպած աճուրդում ամերիկյան Apple ընկերության առաջին համակարգիչներից մեկը վաճառվել է 905 հազար դոլարով, հաղորդում է ТАСС-ը:
 

Apple-1 բրենդի համակարգիչը, որն աշխատանքային վիճակում է, եղել է ընկերության հիմնադիրներից մեկի՝ Սթիվ Վոզնյակի կողմից 1976 թվականի ամռանը պատրաստված այդ տեսակի սարքավորումների առաջին շարքի մաս:


Նման 50 համակարգիչ նա հավաքել է Կալիֆոռնիայում գտնվող ավտոտնակում, որը պատկանել է ընկերության երկրորդ հիմնադրի՝ Սթիվ Ջոբսի ընտանիքին:


Ինչպես նշում են Bonhams-ի փորձագետները, Apple-1-ը բավականին մեծ պահանջարկ ուներ և հեղափոխություն էր համակարգչային գիտության ոլորտում:


Ավելի ուշ ստեղծվել են այդ մոդելի ևս մի քանի հարյուր սարք: 1976 թվականին դրանցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 500 դոլար, 1977 թվականին գերազանցել է 660 դոլարը: Աճուրդում դրա արժեքը գնահատվել է 300 հազարից մինչև 500 հազար դոլար:


Համարվում է, որ ներկայումս աշխարհում մնացել է այդ մոդելի 50-ից քիչ սարք:

 

Apple-ի առաջին համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է մոտ 1 միլիոն դոլարով