Որոշները նյարդայնացան. երևի նրանից է, որ Կառավարությունը լավ բան է անում. Հերմինե Նաղդալյան

15:14 • 23.10.14

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը խնդրում է ուղիղ գնահատական տալ սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու նախագծին։

 


«Նախագիծը նպատակ ունի հարկային բեռը թեթևացնել, և դա ուղեկցվում է ռիսկերից խուսափելու ճանապարհով»,-ԱԺ-ում այսօր ասաց նա։


Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ հրաշալի է, որ սահմանամերձ համայնքների թեման հատուկ վերաբերմունք ունի բոլոր խմբակցությունների, ինչպես նաև Կառավարության ներկայացուցիչների համար, ովքեր միասնական դիրքորոշում ունեն այս հարցում, չնայած որ նույն թեման ըստ նրա՝ առիթ տվեց որոշներին նյարդայնանալ:


«Որոշները նյարդայնացան. երևի նրանից է, որ Կառավարությունը լավ բան է անում, որոշները որոշեցին` լավ ժամանակ է, որ ի ցույց դնեն իրենց մեծ գիտելիքներն ու հնարավորությունները»,-ասաց նա և հավելեց, թե իրենք բոլորին էլ, անկախ ամեն ինչից, հարգում են:


Նաղդալյանն առաջարկում է բանավիճել, բայց ոչ վեճի վերածել և հիշեցնում է, որ իրենց լսում են նաև սահմանին ապրող մարդիկ: «Իհարկե, պետք է բանավիճել, ելքեր գտնել, բայց դրա համար կարելի սեմինար անել, ոչ թե այստեղ վեճ դարձնել այս թեման, որովհետև հարցը կենսական է և լուծումներ պահանջում»,-ասաց նա:


Անդրադառնալով պնդումներին, թե նախագիծը ներկայացվել է փաթեթով, որտեղ ընդգրկված հարցերը որևէ կապ չունեն սահմանամերձ համայնքների հետ, Նաղդալյանը նշեց, որ փաթեթն ընդամենը մեկ ուղղությանն է վերաբերում՝ հարկային արտոնությանը, որի նպատակադրումները կարևոր են:


Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ այս նախագծով Կառավարությունը գնացել է այն ուղղությամբ, որ քննարկում լինի տարբեր ուղղություններով։


«Մեր ազգային անվտանգության սպառնալիքներից ելնելով, տեսանք, որ պետք է ավելի ակտիվ քաղաքականություն տանել, սրան աջակցեց խմբակցությունների ղեկավարների, Կառավարության ղեկավարի այցերը սահման, որոնք առիթ դարձան նոր փուլ սկսելու, նոր մոտեցումներ մշակելու համար»,-ասաց նա: