Այսօր շնչառական բոլոր վարակները պայմանավորված են սեզոնով. Լիանա Թորոսյան
Այս պահին հանրապետությունում նախորդ տարվա համեմատ սուր շնչառական հիվանդացության մակարդակը գտնվում է նույն հարթության վրա, իսկ սեպտեմբերի և հոկտեմբերի անցած շաբաթների համեմատ նկատվում է աշխուժացում, որը տրամաբանական է և դիտարկվում է որպես սեզոնային աշխուժացում: Այսինքն՝ այն, ինչ դիտվում է շնչառական վարակների առումով, կապվում է սեզոնի հետ: Այս մասին Tert.am-ին փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
«Ներկայում հանրապետությունում գրիպի հարուցիչ չի շրջանառվում, իսկ նրանք, ովքեր թեթև գանգատներ ունեն, նրանց մոտ դիտվում են թեթև վիրուսներ, որոնք նույնպես կարող են առաջացնել գրիպանման երևույթներ, բայց `ոչ գրիպի հարուցիչներ»,-ասաց նա:
Վերջինիս փոխանցմամբ՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս առողջապահության նախարարի կողմից կա հրաման, որտեղ ամրագրված են բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, որոնք ուղղված են շնչառական վարակների և գրիպի դեմ պայքարին: Այն իրենից ներկայացնում է համապարփակ ուղեցույց, որտեղ և´ բուժկանխարգելիչ կազմակերպությունները, և´ հիվանդությունների կանխարգելման կենտրոնը, և´ մասնաճյուղերը, այսինքն՝ նախարարության բոլոր ստորաբաժանումների անելիքները հստակեցված են:
«Համաձայն այդ հրամանի՝ ներկայում Հայաստանում իրականացվում է շնչառական վարակների մոնիտորինգ: Բոլոր անհատները, ովքեր ունեն գրիպանման երևույթներ, գանգատվում են, դիմում են ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ կամ ստոցիոնարներ, որտեղ նրանց բոլոր տվյալները շաբաթվա կտրվածքով ամփոփվում են, ամրագրվում են, հետո նաև վերլուծվում են»,-ասաց Լիանա Թորասյանը:
Անդրադառնալով «Էբոլա» վիրուսի տարածմանը՝ նա տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Էբոլայով վարակվածների թիվը կազմում է 9936, որից 7886-ը՝ մահվան ելքով: Որոշակի հաջողություններ կան արձանագրված վիրուսի տարածվածության առումով: ՀՀ առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի վիրուսը չներթափանցի երկրի սահմաններից ներս:










