Դիակը հողին հանձնելուց հետո իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն դիակիզարան պետք է. ԱՆ աշխատակից
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով մահացածից առաջացող վիրուսների, դրանց հետևանքների մասին, ասաց, թե հուղարկավորությունը դիակը հողին հանձնելուց հետո իրենից վտանգ չի ներկայացնում:
«Մենք այսքան ժամանակ երբևիցե խնդիր կամ վարակի տարածում չենք ունեցել: Սակայն 2006 թվականից գործում է օրենք և թույլ է տալիս, որ երկրում լինեն դրակիզարաններ»,-ասաց Աիդա Պետիկյանը՝ նշելով, որ Հայաստանում անհրաժեշտ է, որ լինի դիակիզարան:
«Սակայն դա մասսայական բնույթ չի կարող կրել, քանի որ պետք է հաշվի առնել, որ Հայաստանում ապրող բնակչության մեծամասնությունը քրիստոնյա է: Մեր երկրի համար մեկ դիակիզարանը բավարար է: Ես այն համոզմանն եմ, որ դրա անհրաժեշտությունը կա: Դիակիզարան պետք է լինի, հաշվի առնելով այն, որ դիակային զանգվածն իր մեջ մանրէներ է պարունակում: Աղետների, արտակարգ իրավիճակների, մասնավորապես ջրհեղեղի պարագայում խախտվում է գերեզմանատների ամբողջականությունը, և այդ պարագայում հնարավոր է, որ վտանգ լինի»,-ասաց բանախոսը:
Վերջինիս խոսքով՝ դիակիզարանի կառուցումը և նրա տեղը ճիշտ ընտրելը ևս լուրջ խնդիր է:










