Բրիտանիայում սխալմամբ ազատ են արձակել 200 կալանավորի

11:16 • 23.10.14

Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը հայտնել է վերջին չորս տարվա ընթացքում սխալմամբ մոտ 200 կալանավորի ազատ արձակելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախարարության տվյալներով՝ ազատ արձակվածներից շատերը դատապարտված են եղել օրենքի ծանր խախտումների համար, որոնց թվում են սեռական հողի վրա հանցագործությունները և գողությունները:

 

Զեկույցում նշված պատճառների թվում են վաղաժամ ազատ արձակման պայմանները խախտած դատապարտյալներին կրկնակի ձերբակալելու հետ կապված խնդիրները, ձերբակալության հրամանների հետ կապված խառնաշփոթը և կալանքի ժամկետի սխալ հաշվարկը:

 

Գերատեսչության ղեկավար Էնդրյու Սելուն պնդում է, որ նման դեպքեր տեղի են ունենում հազվադեպ և մանրամասն քննվում են:

 

Արդարադատության նախարարությունը զեկույցում չի նշում, թե նշված կալանավորներից քանիսն է վերադարձել կալանավայր: