Ցույց Կառավարության դիմաց. կանայք դժգոհություն են հայտնում հղիության նպաստների կրճատման առթիվ (լուսանկարներ, տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին մի խումբ կանայք, ովքեր դժգոհում էին Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելու դեմ: Նրանք բերել էին «Իմ երեխային զրկում եք տակդիրից, որ ի՞նչ անեք», «Աշխատող կանայք պահանջում են իրենց գումարները», «Ով հղիանա, ով բյուջե լցնի» և այլ գրություններով պաստառներ:
Կանայք Կառավարությանն իրենց նամակը հանձնեցին, որտեղ անդրադարձել են այն բոլոր կետերին, որոնք իրենց կարծիքով խախտում են ՀՀ Սահմանադրությունը, մի շարք իրավական ակտեր և Հայաստանի կողմից ստանձնված մի շարք իրավական պարտականություններ:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը նշեց, որ նամակը կոչ է անում ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ վերոնշյալ օրենքում մի շարք փոփոխություններ կատարելուց:
«Օրինագծի համաձայն՝ կնոջ հետծննդյան և նախածննդյան 140 օրվա համար նպաստը հաշվարկվելու է վերջին աշխատավայրում ունեցած աշխատանքային ստաժից: Մինչև մեկ տարի եթե ստաժ ունի վերջին գործատուի մոտ, ապա ստանալու է աշխատավարձի 40%-ը, 1-3 տարիների ստաժ ունենալու դեպքում՝ ստանալու է 60%-ը, իսկ 3-ից ավելի ստաժ ունենալու դեպքում՝ 80%-ի չափով նպաստ: Խնդրահարույց մյուս կետը. սահմանված է վերին շեմ, և խնդրին բախվելու են այն կանայք, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձի 5-ապատիկը»,-ասաց նա:
Քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթևը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում չի կարող ընդունվել մի օրենք, որը թեկուզ մեկ-երկու կնոջ երեխա ունենալու որոշման վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ:
«Այս օրենքը ազդեցություն կունենա աշխատող կանանց որոշման վրա. մի քանի ամիս իրենց եկամուտը կկրճատվի: Բացի այդ, այստեղ խախտվում է կնոջ և տղամարդու հավասար աշխատելու հնարավորությունը: Կինը չպետք է զրկվի իր ամբողջ աշխատավարձից երեխա ունենալու համար: Այսինքն ստացվում է, որ զուտ ֆիզիոլոգիական խնդրից ելնելով, որ միայն կինը կարող է երեխա ունենալ, նա զրկվում է 4 ամիս իր ամբողջական աշխատավարձից»,-ասաց նա:
Նա նշեց, որ այսօր Կառավարության մոտ իրենց բողոքի ակցիան պայքարի առաջին քայլն է:
«Ստորագրահավաք ենք սկսում, որ պարզ լինի, թե քանի քաղաքացի են դեմ, երկուշաբթի խորհրդարանական լսումներ են լինելու, կմասնակցենք ու մինչև վերջ կպայքարենք բոլոր հնարավոր օրինական ձևերով»,-ասաց նա:
Տաթևիկն ընդգծեց, որ օրենքում միայն մի լավ դրույթ կա, այն է, որ չաշխատող կանայք ևս նպաստ են ստանալու, բայց դա չպետք է լինի աշխատող կանանց նպաստի կրճատման հաշվին:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










