Երկբևեռ դասական քաղաքական համակարգը, ըստ էության, որակյալ մեծամասնության ձևավորումն է ԱԺ-ում
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով՝ խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և «երկրում աստիճանաբար երկբևեռ
դասական քաղաքական համակարգի ձևավորմանը»:
Մամուլում արդեն իսկ հրապարակում կա («ՀԺ», «Երկբևե՞ռ. ՀՀԿ և ԲՀԿ» վերնագրի ներքո) այն մասին, որ սրանով փաստորեն երկրում իշխանությունը բաժանվում է երկու բևեռի՝ Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև, և ըստ նույն թերթի՝ մի շարք հանրապետականներ սա նկարագրել էին որպես դասական երկու-եռակուսակցական մոդել, ինչպես ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:
Նշենք, որ սահմանադրական բաներփոխումների հայեցակարգով՝ այդ երկբևեռ բաղադրիչը վերաբերում է «կուսակցական այնպիսի համակարգի ձևավորմանը, որը բավական երկար ժամանակ է պահանջում և որի հիմնական նպատակը ընտրազանգվածի հնարավորինս մեծ ազդեցության ապահովումն է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի կողմից վարվող քաղաքականության վրա:
Երկբևեռ կուսակցական համակարգը բնորոշվում է նրանով, որ քաղաքական դաշտում առկա են երկու հիմանական բևեռներ՝ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի տեսքով, որոնք մրցակցում են միմյանց հետ կառավարման ղեկը ստանձնելու համար: Հենց այդ երկու բևեռներն են հանդիսանում խորհրդարանի խոշորագույն ուժերը, որոնցից մեկը ստանձնում է կառավարման ղեկը, իսկ մյուսը՝ ընդդիմության դերը:
Եթե Հայաստանի կուսակցական համակարգը զարգանա այդ ուղղությամբ, ապա խորհրդարանի ընտրությունների միջոցով ընտրողը գործնականում հնարավորություն կստանա վճռորոշ ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե որ քաղաքական ուժը կստանձնի երկրի կառավարումը: Խորհրդարանի երկրորդ մեծ քաղաքական ուժը, ունենալով վերահսկողության նոր և մեծ լծակներ, կկարողանա իր քննադատության և այլընտրանքներ առաջարկելու միջոցով հակադրվել քաղաքական մեծամասնությանը, ազդել հասարակական կարծիքի վրա և հող նախապատրաստել կառավարական պատասխանատվությունը ստանձնելու համար:
Եթե նման երկբևեռ կուսակցական համակարգ ձևավորվի, ապա հաջորդ ընտրության ժամանակ ընտրողը հնարավորություն է ստանում գնահատել այդ կառավարության աշխատանքի արդյունքները, համապատասխան հետևություններ անել և իր քվեն տալ կամ նույն մեծամասնությանը, կամ էլ ընդդիմադիր քաղաքական ուժին: Դրանով կապահովվի ժողովրդավարական կառավարման ամենաէական կանոնը՝ ժողովուրդն ինքն կընտրի և կփոփոխի իր կառավարությունը:
Իհարկե, նման համակարգը չի կարող միանգամից ձևավորվել, և այն առաջին հերթին քաղաքական գործընթացներից է կախված: Սակայն ինստիտուցիոնալ մեխանիզմները նույնպես կարող են կարևոր դեր խաղալ, և հենց դա է, որ շեշտված է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Նախ, խորհրդարանական համակարգն ինքնին բարենպաստ է երկբևեռ կուսակցական համակարգի համար, քանի որ այն կտրուկ մեծացնում է Ազգային Ժողովի դերը երկրի քաղաքական համակարգում, իսկ նրանում վճռորոշ դերը պատկանում է հենց քաղաքական կուսակցություններին: Բացի այդ, եթե ընտրական համակարգի հիմնական գծերը սահմանվեն հենց սահմանադրությամբ և դրանով կայունություն ձեռք բերեն, ապա կուսակցական համակարգի զարգացման դինամիկան կլինի ավելի կանխատեսելի և միտված կլինի երկբևեռությանը:
Ընտրական համակարգի կայունության համար կարևոր գործոն է նաև ընտրական օրենքի ընդունումը որպես սահմանադրական օրենք, ինչը պահանջում է որակյալ մեծամասնություն, և, հետևաբար, լայն քաղաքական համաձայնությունների քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև: Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայեցակարգը խնդիր է դնում նախատեսել տարբերակված արգելապատնեշներ կուսակցությունների և դաշինքների համար, ինչը իր հերթին խթան կարող է հանդիսանալ կուսակցությունների խոշորացման, նման գաղափարական և ծրագրային հենք ունեցող կուսակցությունների միավորման կամ սերտ համագործակցության համար»:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի նշանակման համար անհրաժեշտ մեծամասնության հարցին, ասաց, որ դրա համար որակյալ մեծամասնության կարիք չկա, այսինքն դրա համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնություն:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի մեկնաբանությամբ՝ այդ որակյալ մեծամասնությունը չի վերաբերելու նաև վարչապետի շանակմանը և գործադիրի ձևավորմանը։ «Հիմա, այս նախագծով առաջարկվում է, որ Արդարադատության խորհրդի անդամները խորհրդարանի կողմից նշանակվեն որակյալ մեծամասնությամբ»,-ասաց Ավետիք Իշխանյանը։
Նման մեխանիզմներ են առաջարկվում նաև Վերահսկիչ պալատի նախագահի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում` նախատեսելով այդ պաշտոնատար անձանց ընտրություն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով (ինչպես դա այժմ արվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ):
Իսկ օրենսդրության բնագավառում ընդդիմության դերի բարձրացման համար կարևոր գործոն կարող է հանդիսանալ օրգանական /սահմանադրական/ օրենքների ներմուծումը, քանի որ դրանց ընդունման համար անհրաժեշտ է որակյալ մեծամասնություն: Այդ օրենքների ցանկը պետք է սպառիչ կերպով ամրագրվի Սահմանադրությունում:
Լիարժեք վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար առաջարկվում է ամրագրել քննիչ հանձնաժողովներ ստեղծելու փոքրամասնության իրավունքը (օրինակ` Գերմանիայի Հիմնական օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝ այդ իրավունքից օգտվում է պատգամավորների մեկ քառորդը):
Tert.am-ը երկբևեռ համակարգի մասին զրուցեց նաև արտախորհրդարանական ուժերից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ, ով, նախ, ի գիտություն նշեց, որ իրենք արտախորհրդարանական չեն, այլ խորհրդարանական են՝ ներկայացված լինելով «Հայ ազգային կոնգրես» դաշինքում ՝ 8 կուսակցությունների հետ միասին, ապա այս կապակցությամբ ասաց. «Ես ամիսներ առաջ էի ասել այն, որ ԲՀԿ-ին այսքան խաղացնում են և նաև, Ձեր ասած, սահմանադրական բարեփոխումները տանում են նրան, որ պետք է մնան երկու օլիգարխային համակարգեր՝ երկու «կուսակցություններ»՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Հիմա ԲՀԿ-ն իր մեջ ներառում է նաև ՀԱԿԿ-ին: Եվ դա իրենց ծրագիրն է»:
Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է ՀԱԿ-ը ներառվում ԲՀԿ-ում, Պետրոս Մակեյանն ասաց. «Ասենք 17 թվականին ՀԱԿԿ-ն ներկայացված կլինի ԲՀԿ-ում , ինչպես հիմա Արսենյան Գուրգենը (ՄԱԿ ), ոնց որ Հանրապետականի ցուցակով անցան Խոսրով Հարությունյան (Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն), Արտաշես Գեղամյանը («Ազգային միաբանություն»)»:










