«Վնուկովոյում» ողբերգության պատճառ դարձած ձնահավաք մեքենայի վարորդը կալանավորվել է
Մոսկվայի Բասմանի դատարանն արտոնել է «Վնուկովո» օդանավակայանի ձնահավաք մեքենայի վարորդ Վլադիմիր Մարտինենկոյի կալանավորումը։ Հիշեցնենք, որ նրա վարած մեքենային էր բախվել ֆրանսիական Total նավթային ընկերության նախագահին տեղափոխող ինքնաթիռը։
Դատարանը բավարարել է Մարտինենկոյին մինչ դեկտեմբերի 21-ը կալանքի տակ առնելու մասին միջնորդությունը, գրում է lenta.ru-ն։
Դատավորն ընթերցել է բժշկական տեղեկանքը, համաձայն որի, ըստ փորձաքննության նախնական տվյալների, Մարտինենկոն վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, սակայն վերջնական արդյունքները հասանելի կլինեն 5-7 օրվա ընթացքում, հաղորդում է TASS գործակալությունը։
Կալանավորի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը դրանք անվանել է անհեթեթություն, քանի որ «նման եզրակացություն բժշկի կողմից արվել է միայն արտաքին զննության արդյունքում՝ անմիջապես վթարից հետո», և դեռ անալիզների պատասխաններ չկան։
Վթարից հետո, Մարտինենկոյից բացի, ձերբակալվել են նաև «Վնուկովո» օդանավակայանի ծառայությունների մատուցման առաջատար ինժեներ Վլադիմիր Լեդենյովը, ով ղեկավարել է ձնամաքրման աշխատանքները, ինչպես նաև թռիչքների ղեկավար Ռոման Դունաևը, դիսպետչեր-ստաժոր Սվետլանա Կրիվսունը, դիսպետչեր Ալեքսանդր Կրուգլովը։











