Բոտուլիզմի դեպքեր ավելի շատ արձանագրվում են կարմիր պղպեղից, լոլիկի ու վարունգի մարինադից
Վերջին տարիներին իրականացված քարոզչական աշխատանքների արդյունքում բոտուլիզմով թունավորման դեպքերը պակասել են, բայց չեն վերանում: Այս տարի, օրինակ, գրանցվել է բոտուլիզմով սննդային թունավորման 5 դեպք՝ 7 տուժածով:
Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը և ավելացրեց.«Բարեբախտաբար, մահացության դեպքեր չկան: Հենց երեկ է մեկ դեպք արձանագրվել Տավուշի մարզում»,-ասաց Լիլիթ Հունանյանը:
Դեպքերն արձանագրվել են նոր՝ այս տարի ամռանը պահածոյացված կարմիր պղպեղից:
Ինչպես նշեց մասնագետը՝թունավորման առավել շատ դեպքեր լինում են պահածոյացված կարմիր պղպեղից, շուշանից, վարունգի և լոլիկի թթուներից կամ մարինացված պահածոներից:
«Ավելի քիչ լինում է սմբուկի խավիարից: Անգամ դեպք է եղել, որ «լեչոյից» է բոտուլիզմի դեպք գրանցվել,-տեղեկացրեց Լիլիթ Հունանյանը:
Նշենք, որ բուտուլիզմը ծանր տոքսիկոինֆեկցիոն հիվանդություն է, որը բնութագրվում է նյարդային համակարգի վրա բոտուլոտոքսիններիազդեցության հետևանքով հարթ և միջաձիգ-զոլավոր մկանների պարեզներով և պարալիչով։
Հիվանդության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ այն տալիս է ինչպես սպորադիկ(եզակի), այնպես էլ՝ խմբային հիվանդացություն՝ բավականին բարձր մահացության ցուցանիշով(մոտ 30-40%)։
ԱՆ մասնագետը հավելեց, որ իրենց ՝ պահածոներ չփակելու մասին քարոզչական աշխատանքը ավելի շատ արդյունք է տվել Երևանում, քան գյուղական համայնքներում:
Նշենք, որ յուրաքանչյուր դեպք արձանագրվում է առողջապահության նախարարության կայքում, և ամեն դեպքից հետո տեղում իրականացվում է բոտուլիզմ հիվանդության մասին գիտելիքների տարածում ու քարոզչություն:
Հիշեցնենք, որ բժիշկները համառորեն խորհուրդ են տալիս չպահածոյացնել, ծայրահեղ դեպքում՝ գոնե առնվազն 20 րոպե վերամշակել պահածոյացված հումքը, որի ընթացքում «բոտուլոտոքսինը» վերանում է արդեն 70 աստիճանի ժամանակ:
Ինչ վերաբերում է թույնի հարուցման սպորներին, որոնք գտնվել են հողի մեջ, ապա դրանք վերանում են միմիայն 120 աստիճան ջերմության ներքո:










