Բելգիայի ոստիկանները 2-ժամանոց գործադուլ են սկսել Բրյուսելի միջազգային օդանավակայանում

11:36 • 24.10.14

Բելգիայի ոստիկանները, ովքեր բողոքում են կենսաթոշակային համակարգի բարեփոխման դեմ, հայտարարել են հոկտեմբերի 24-ին ժամը 8:00-ից մինչև 10:00-ն Բրյուսելի միջազգային օդանավակայանում գործադուլ անցկացնելու մասին, հաղորդում է ТАСС-ը:

 

Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, իրավապահները մտադիր են ավելի երկար անցկացնել ուղևորների ստուգումը, քան սովորաբար է: Օդանավակայանի ղեկավարությունն այդ առնչությամբ խորհուրդ է տվել ավիաուղևորներին ժամանել թռիչքից առնվազն երեք ժամ առաջ: Հաշվի առնելով այն, որ Բելգիայի դպրոցներում շաբաթ օրվանից սկսվում են աշնանային արձակուրդները, հոկտեմբերի 24-ից թագավորության օդանավակայանում սպասվում է մոտ 40 հազար ուղևոր:

 

Հինգշաբթի օրվանից բելգիացի ոստիկաններն անցկացնում են համընդհանուր երկօրյա գործադուլ: Դրանում ներգրավված չեն օպերատիվ միջոցառումներին և հասարակական կարգի պահպանման գործում ներգրավված իրավապահները:

 

Բրյուսելի եվրոպական թաղամասում, որտեղ հերթական հանդիպման են հավաքվել Եվրամիության 28 երկրների առաջնորդները, բողոքի ակցիա է իրականացրել 500-ից ավելի բելգիացի ոստիկան:

 

Ակցիայի մասնակիցները ԵՄ խորհրդի շենքի մուտքերը հսկող գործընկերներին դատարկ տուփեր են նվիրել, որոնք խորհրդանշում են իշխանությունների հրաժարվելն արհմիությունների պահանջները կատարելուց: Նրանք պահանջում են վերականգնել ոստիկանների համար վաղաժամ՝ մինչև 62 տարեկանը թոշակի անցնելու իրավունքը: Կենսաթոշակային համակարգի բարեփոխումից առաջ նրանք կարող էին թոշակի անցնել 54 տարեկան հասակում: