Բրիտանիայի թագուհին առաջին «թվիթն» է արել

16:19 • 24.10.14

Մեծ Բրիտանիայի թագուհին իր առաջին «թվիթն» է արել Գիտությունների թանգարանում տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսի բացմանը, հաղորդում է The Guardian-ը:

 

@BritishMonarchy էջի 724 000 հետևորդի ուղարկված հաղորդագրությունում գրված է եղել. «Պատիվ է այսօր Գիտությունների թանգարանում բացել «Տեղեկատվական ժամանակաշրջան» ցուցահանդեսը, և ես հուսով եմ, որ մարդիկ սիրով կայցելեն այն: Էլիզաբեթ թագուհի»:

 

Twitter-ի էջը նախկինում կառավարել են պալատի աշխատակիցները:

 

Հրավիրելով թագուհուն բացել ցուցադրությունը՝ Գիտությունների թանգարանի տնօրեն Յան Բլեչֆորդը նշել է, թե ինչպես է թագուհին միշտ ողջունել հաղորդակցական տեխնոլոգիաների առաջընթացը, որից հետո հրավիրել է նրան իր առաջին «թվիթն» անել: Թագուհին հանել է իր ձեռնոցը մոտ 600 հյուրերի առաջ և ուղարկել իր առաջին «թվիթը», գրում է The Guardian-ը:

 

@BritishMonarchy էջն ավելի վաղ օրվա ընթացքում մի շարք հաղորդագրություններ է տարածել, թե ինչպես է թագուհին իր իշխանության օրոք օգտագործել նոր հաղորդակցական տեխնոլոգիաները: Նա իր առաջին սուրբծննդյան հեռուստաուղերձն ուղիղ եթերով ունեցել է 1957-ին, իսկ 1976 թվականին ուղարկել է առաջին էլեկտրոնային նամակը Բրիտանական ռազմաբազա կատարած այցելության ընթացքում: