Գլենդեյլում 2 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության կասկածանքով
Գլենդեյլում երկու հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության կասկածանքով։ Նրանք ձերբակալվել են չորեքշաբթի, երբ ոստիկանները տեղի գազալցակայաններից մեկում ականատես են դարձել «կասկածելի» գործարքի, հաղորդում է Glendale News-Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Չորեքշաբթի՝ ժամը մոտ 10:30-ի սահմաններում, պարեկային ոստիկանները նկատել են, թե ինչպես է մի տղամարդ, ով ինչպես հետագայում է պարզվել՝ 53-ամյա Հովիկ Մուրադյանն է, ինչ-որ իր փոխանցում մեկ այլ մարդու՝ 31-ամյա Արման Սարգսյանին, ով գազալցակայան էր մտել իր Porsche մեքենայով:
Ոստիկանները մոտեցել են տղամարդկանց և հայտնաբերել, որ այդ իրը պայուսակ է՝ կանխիկ 7.100 դոլարով և բանկոմատի 40 անդորրագրով: Կասկածյալների ավտոմեքենաներում ոստիկանները գտել են կասկածյալների անուններով կեղծ վարկային քարտեր, որոնք կապված են եղել այլ մարդկանց հաշիվներին:
Տղամարդիկ ձերբակալվել են ինքնության տվյալների գողության, դեբիտային քարտերի խարդախության և գողացված սեփականություն ստանալու կասկածանքով: Տղամարդիկ ազատ են արձակվել 50 հազարական դոլար գրավի դիմաց, հաղորդում է Glendale News-Press-ը:










