Մենք խնդրում ենք ողջ աշխարհի կանանց չթերագնահատել իրենց. ԻՊ-ի դեմ կռվող քուրդ կանանց ուղերձը (նկարներ, տեսանյութ)
«Մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան, որ կինը տղամարդուց չի տարբերվում, երբ հարցը հասնում է երկիրը պաշտպանելուն». սա մի խումբ քուրդ կանանց ուղերձն է, որոնք զինվորագրվել են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Քրդական ինքնապաշտպանական ջոկատի շարքերում կռվելու համար, գրում է Daily Mail-ը:
AK-17-ով մարզվող երիտասարդ կանանց խոսքերով՝ իրենք միացել են ջոկատին՝ ցանկություն ունենալով օգնել կանգնեցնել իրենց հայրենի բնակավայրերում ծայրահեղական խմբավորման առաջընթացը: Երիտասարդ կանայք մարզվում են իրենց տղամարդ հայրենակիցների կողքին և մասնակցում սիրիական Քոբանի քրդաբնակ քաղաքի մոտակայքում զորավարժություններին:
Քաջ մարտիկներից մեկն ասում է. «Նրանք վախենում են մեր զենքերից և սարսափում մեր ուժից: Մենք խնդրում ենք ողջ աշխարհի կանանց չթերագնահատել իրենց և հավատալ, որ նրանք ամեն ինչի կարող են հասնել»:
Երիտասարդ կանանց մի մասը ժամանակավորապես հրաժարվել է կրթությունից կռվին միանալու համար: 19-ամյա Նալինեն ասում է. «Ամեն անգամ, երբ դասի էի գնում, վախ էի զգում, այնպես որ հրաժարվեցի կրթությունից իմ երկիրն ու հողը և իմ ընկերներին իմ զգացած վախից պաշտպանելու համար: Ես զոհաբերել եմ իմ ապագան, որպեսզի օգնեմ մյուսներին կառուցել իրենց ապագան»:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ահաբեկչության հետազոտության և վերլուծության կոնսորցիումի տվյալներով՝ Հյուսիսային Սիրիայի քրդական զորքերի մինչև 35 տոկոսը կանայք են:















