Ты кто такой? Давай, до свидания! երգի հեղինակին 3 օրով ազատ են արձակել կալանավայրից՝ դստեր հարսանիքին մասնակցելու
«Tolişi Sedo» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը ժամանակավորապես ազատ է արձակվել կալանավայրից:Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է իրավապաշտպան Սաիդա Գոջամանլըն:
Նա նշել է, որ Մամեդովն ազատ է արձակվել դստեր հարսանիքին մասնակցելու համար:
«Մենք դա քննարկել ենք Մարդու իրավունքների հարցերով միացյալ խմբի հետ, և այդ հարցը դրականորեն է ընդունվել: Նա կմասնակցի դստեր հարսանիքին և երեք օր անց կվերադառնա կալանավայր»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Մամեդովը համացանցային հիթ դարձած Ты кто такой? Давай, до свидания! երգի հեղինակն է: Թեև, իրավապահների պնդմամբ, Մամեդովը ձերբակալվել է թմրանյութեր պահելու մեղադրանքով, նրա հարազատները պնդում են, որ Մամեդովը թմրանյութերի հետ որևէ առնչություն չի ունեցել, և ձերբակալման իրական պատճառը հենց նրա հեղինակած երգն է, որը, իշխանությունների համոզմամբ, ուղղված է երկրի նախագահ Իլհամ Ալիևին:










