ԱՄՆ նախազգուշացրել է Վրաստանին չօգտագործել արդարադատության համակարգը քաղաքական հաշվեհարդարների նպատակով

12:14 • 24.10.14

Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Վրաստանում նախկին պաշտոնյաների դեմ դատական գործընթացներին և հիշեցնում է երկրի ներկայիս կառավարությանը, որ արդարադատության համակարգը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով, հաղորդում է ТАСС-ը:

 

Այդ մասին հինգշաբթի հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Թբիլիսիում երկրի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային ազատազրկելու մասին դատարանի որոշումը:

 

«Մենք շարունակում ենք վրացական կառավարության ուշադրությունը հրավիրել ընթացակարգային նորմերը և օրինականությունը պահպանելու կարևորության վրա, և հետաքննություն ենք անցկացնում դրանց թափանցիկության հարցի վերաբերյալ, որպեսզի տպավորություն չլինի, թե իրավաբանական համակարգն օգտագործվում է քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

 

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն «որոշակի անհանգստություն է արտահայտել որոշ դատական գործերի առնչությամբ, և այդ անհանգստությունը պահպանվում է»:

 

Միևնույն ժամանակ, Փսակին հայտարարել է, որ «չի ցանկանում առանձին գործերի մանրամասներից խոսել», քանի որ «դրանցից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի»: