Պուտինը չի բացառել խոշոր երկրների մասնակցությամբ մի շարք հակամարտությունների առաջացման հավանականությունը

17:27 • 24.10.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել խոշոր երկրների մասնակցությամբ սուր կոնֆլիկտների առաջացման հավանականությունը: Նրա կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունը վերջին նման օրինակը չէ: Այդ մասին Պուտինը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի XI նիստի մասնակիցների առջև, հաղորդում է ТАСС-ը:

 

«Արդեն այսօր կտրուկ աճել է սուր կոնֆլիկտների մի ամբողջ շարքի առաջացման հավանականությունը խոշոր գերտերությունների եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի մասնակցությամբ»,- ասել է նա:

 

«Ընդ որում՝ ռիսկի գործոն են դառնում ոչ միայն միջպետական հակասությունները, այլև առանձին պետությունների ներքին անկայունությունը, հատկապես, երբ խոսքը խոշոր պետությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կետերում կամ պատմամշակութային, տնտեսական, քաղաքակրթական տարածքներում գտնվող երկրների մասին է»,- բացատրել է նա:

 

Պուտինի կարծիքով՝ Ուկրաինան նման տեսակի կոնֆլիկտներից մեկն է, որն ազդեցություն ունի ուժերի համաշխարհային դասավորության վրա:

 

Ria.ru-ի հաղորդմամբ՝ Պուտինը, խոսելով Ուկրաինայի ճգնաժամի մասին, ասել է, որ Մոսկվան քննարկում էր անցկացնում, բայց իրեն չլսեցին և երկիրը հասցրին հեղաշրջման՝ ներքաշելով քաղաքացիական պատերազմի մեջ: