Facebook-ում այժմ հնարավոր է անանուն շփվել

09:19 • 24.10.14

Facebook ընկերությունը ներկայացրել է նոր հավելված՝ Rooms, որտեղ կարելի է անանուն շփվել։ Օգտատերերը կկարողանան մասնակցել առաջարկված թեմաների քննարկմանը կեղծանվան ներքո, բացի այդ, բոլորովին պարտադիր չէ գրանցված հաշիվ ունենալ սոցկայքում, գրում է Комсомольская правда-ն։

 

Rooms հավելվածում յուրաքանչյուրը կարող է «չաթ» բացել, այն հասանելի դարձնել բոլորի համար կամ հրավեր ուղարկել՝ դրան մասնակցելու համար։

 

Նոր հավելվածի առանձնահատկությունն այն է, որ տարբեր «չաթերում» հնարավոր է օգատգործել տարբեր կեղծանուններ և անուններ։ Կարելի է տեղադրել նաև լուսանկարներ, տեսանյութեր, ընտրել ձևավորման գույներ։

 

Facebook ընկերությունում խոստովանել են, որ հավելվածի մշակման համար իրենց ոգեշնչել են 1990-ականները, երբ համացանցում կարելի էր գտնել բազմազան ծառայություններ շփման համար։

 

Հավելվածն արդեն հասանելի է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օգտատերերի համար, սակայն թողարկվել է միայն Apple-ի iOS հարթակի համար։
 

Facebook-ում այժմ հնարավոր է անանուն շփվել