Պետք է մեր սխալներից կարողանանք օգտվել. Ռուբեն Հակոբյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունների գնալու նախադեպի մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դեմ չէ իշխանափոխության հարցը դնել բանակցությունների գնալու միջոցով։ «Տպավորություն կա մեր քաղաքական դաշտում, որ բանակցությունս ո՞րն ա, բայց եթե խնդիր է դրված, որ պետք է լուծվի ու կան կողմեր, բանակցությունների միջոցով պիտի է լուծվի, այլ հարց է, թե ինչ բովանդակությամբ ու ինչ բնույթի կլինեն այդ բանակցությունները, առաջիկայում ցույց կտա ընթացքը»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը։
Մեր դիտարկմանը, որ նախագահական ընտրություններից հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ գնաց բանակցությունների, արդյունքն ի՞նչ եղավ, և արդյո՞ք մտավախություն չկա, որ նույնը կլինի նաև այս անգամ, պատգամավորը պատասխանեց. «Պետք է ամբողջական ծրագիր ունենանք, ու պետք է մեր սխալներից կարողանանք օգտվել, եթե դու բոլոր տարբերակների համար ունես զարգացման քո ծրագիրը, այս դեպքում ամեն ինչ նորմալ է: Ընդդիմությունն այս 22 տարիների ընթացքում հաղթել է ու չի կարողացել իր հաղթանակն ապացուցել դե ֆակտո, և դա նրանից է նաև, որ ընդդիմությունը մինչև վերջ չի ունեցել՝ ինչ ծրագրով պետք է առաջնորդվի»:










