Օբաման պետք է ներողություն խնդրի և հրաժարական տա. միլիարդատեր Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է ներողություն խնդրի ամերիկացի ժողովրդի առաջ և հրաժարական տա, Twitter-ի իր էջում հայտարարել է ԱՄՆ ամենահարուստ անձանցից մեկը՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը, գրում է ria.ru-ն:
«Եթե այդ բժիշկը, ով անզգուշորեն Արևմտյան Աֆրիկայից թռել է Նյու Յորք, Էբոլայով է հիվանդ, ապա Օբաման պետք է ներողություն խնդրի ամերիկացի ժողովրդից և հրաժարական տա»,- գրել է Թրամփը:
Այդ խոսքերի համար առիթ է հանդիսացել Նյու Յորքում Էբոլայի համաճարակի ախտանիշներով հիվանդի հոսպիտալացման մասին տեղեկությունը: Խոսքը 33-ամյա Քրեյ Սփենսերի մասին է, ով վերադարձել է Գվինեայից, որտեղ Էբոլա համաճարակի դեմ պայքարում էր «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության շարքերում:
Միլիարդատիրոջ կարծիքով՝ տեղի ունեցածի մեջ մեղավոր է առաջին հերթին ԱՄՆ նախագահը:
«Ես շաբաթներով նախագահ Օբամային ասում էի դադարեցնել Արևմտյան Աֆրիկայից չվերթները: Դա այնքան հեշտ է, բայց նա հրաժարվեց: Ամբողջովին ոչ կոմպետենտություն»,- գրել է Դոնալդ Թրամփը:
«Բարաք Հուսեյն Օբաման ավելի վատ նախագահ է, քան Ջիմի Քարտերը»,- հավելել է նա:










