Լեյլա Յունուսը ներկայացվել է Նոբելյան մրցանակի
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Յունուսն Ադրբեջանի ամենաակտիվ իրավապաշտպաններից է, որը մասնակցում է խաղաղապահական ծրագրերի, պաշտպանում քաղաքացիների և քաղբանտարկյալների իրավունքները:
«Այդ բոլորի համար նա բարձր գին է վճարում, նա ձերբակալվել է հուլիսին, մի քանի օր անց ձերբակալվել է նաև նրա ամուսինը: Ազատազրկման ընթացքում նա ենթարկվում է տանջանքների և անմարդկային վերաբերմունքի: Լեյլա Յունուսը ծանր հիվանդ է, և նրան զրկում են անհրաժեշտ բուժօգնությունից», - ասված է հաղորդագրության մեջ:
«Ես կարծում եմ, որ հենց Լեյլայի համարձակությունն է նրան բացառիկ դարձնում: Չնայած նրան պահելու պայմաններին՝ նա հաստատուն է մնում քաղբանտարկյալների իրավունքների հարցերում»,- ասել է Ռուտգերսի համալսարանի գենդերային հարցերի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Շառլոտ Բանչը:
«Լեյլա Յունուսին այս մրցանակին նոմինացնելը մեծ պատիվ է և վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն ուշադիր հետևում է գործին», - հավելել է Բանչը:
Այդ նոմինացիան նաև ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների վնասակար ռազմավարությունը՝ սահմանափակելու այլախոհությունը:
Կին իրավապաշտպանների կոալիցիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն, որոնք կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով:










