Մնում է՝ Ա. Մանուկյանը իր ասածի համար պատասխան տա.ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ ուսանողների՝ ամորձատված լինելու մասին

21:23 • 25.10.14

Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ եռյակի հանրահավաքին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարությանը ծանոթ չեն՝ զբաղված լինելով իրենց ուսխորհրդի 20-ամյակի կազմակերպչական աշխատանքներով, սակայն տեղեկանալով, թե ինչ է ասել նա, ասաց.«Ամեն մեկn ամեն ինչ կարա ասի, մնում ա՝ իր ասածի համար պատասխան տա»:

 

Այսուհանդերձ, Րաֆֆի Քարամյանը ծանոթ չէր ասվածի համատեքստին, ինչի մասին նշեց.«Ու քանի որ ես չգիտեմ՝ ընդհանուր տեքստը ոնց է եղել, հիմա, եթե ընդհանուր պատմվածքից մի բառ վերցնենք, ով ոնց ուզի՝ կարա մեկնաբանի: Քանի որ ես ընդհանրապես տեղյակ չեմ կոնտեքստին՝ խոսակցությանը, ոչ մի բան չեմ կարող մեկնաբանել: Իսկ, առհասարակ, ով փորձի կպնել ուսանողությանը, նամամանավանդ՝  Երևանի պետական համալսարանի, կարող եմ ասել, որ շատ կարճ ժամանակահատվածում համապատասխան վերաբերմունքն ու պատասխանն ինքը կստանա»:

 

Հիշեցնենք, որ երեկ Արամ Մանուկյանը, նկատի ունենալով, որ ուսանողների նկատմամբ ճնշումներ են կիրառվում, հայտարարեց, որ ուսանողությունն ամորձատված է, ինչից հետո կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում տեղադրեց Միքելանջելոյի արձանը և գրեց.«Սիրելի' ուսանողներ, հասկանում եմ ձեր վրդովմունքը այսօրվա հանրահավաքին ձեզ հասցեագրված վիրավորանքի առիթով: Իրականում մեղմ ասած՝ ոչ ադեկվատ ու հիվանդագին սանձարձակություն դրսևորող միհոգավորը հերթական անգամ անցել է բոլոր սահմանները: Միաժամանակ խնդրում եմ ուսանողներին՝ արձագանքի մեջ լինել հնարավորինս պարկեշտ: Հիշեք, որ ձեր գրառումները կարդում են նաև այլ մարդիկ»:
 

 


Tert.am –ը փորձեց այս հարցի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ նաև «Բարգավաճ Հայաստանից», մասնավորապես՝ թե կիսու՞մ են, արդյոք, այդ տեսակետը, սակայն այս կուսակցությունում ուսանողության հետ աշխատանքները համակարգող Վահե Էնֆիաջյանը զբաղված լինելով՝ չպատասխանեց (sms հաղորդագրություն գրեց, որ զբաղված է ): Փոխարենը իր կարծիքը ներկայացրեց խմբակցության երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը՝ ասելով.«Ես ինքս չեմ կիսում այդ կարծիքը, մեր ուսանողությունը շատ հզոր է: Այո', մեր ուսանողության կարծիքի վրա այսօր կարող են ազդել՝ վարչական մեթոդներով, կարող են մարդկանց պարտադրել, վախեցնել, բայց երեկվա հանրահավաքին մասնակցող երիտասարդների ու ուսանողների թիվն ինձ այլ բան է հուշում, որ ինչպես 88 թվականին և ղարաբաղյան ազատագրական շարժման ժամանակ, այսօր էլ ուսանողությունը պատրաստ է բարեփոխումների, պայքարի, որպեսզի Հայաստանը դառնա ավելի հզոր ու կայացած պետություն: Եվ ամենևին չեմ պատրաստվում մեկնաբանել իմ գործընկերոջ կարծիքը, որը հնչեցրեց իր ելույթի ժամանակ, բայց կրկնում եմ, որ ես այլ գնահատական ունեմ մեր ուսանողության համար»: